«Հայաստանում կատարվող գործընթացների թիրախը պետությունն է։ Պետության դեմ արշավը սկսվել է վաղուց։ 2018-ին այդ արշավը ֆունկցիոնալ հաղթանակ է արձանագրել․ իշխանության են եկել կամ բերվել մարդիկ, ովքեր պատրաստ են հանդես գալ պետության դեմ պայքարի առաջամարտիկների դերում։
Արցախյան վերջին պատերազմը՝ ֆորմալ առումով սանձազերծված լինելով Արցախի ու Հայաստանի դեմ, իրականում ուղղված էր պետության, հայկականության դեմ՝ լայն իմաստով։ Պատերազմը՝ հաղթանակ ապահովելով Ադրբեջանին ու Թուրքիային, զգալի հաջողություններ արձանագրեց նաև պետության դեմ պայքարի ներքին ու արտաքին շահառուների համար։ Հիմա հակապետականությունն իրականացվում է այլ հարթությունում, և այսօր տեղի ունեցողը կարելի է համարել հիբրիդային պատերազմ մեր իսկ պետության դեմ։
Իշխանությունն իր ամենատարբեր ներկայացուցիչների միջոցով՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչև մանդատավոր խեղկատակներ, հանրային գիտակցության մեջ, որպես փափուկ բարձ, սուտ խոստումներով սերմանում է «լավ ապրելու» հեռանկարը, որը կարող է իրականություն դառնալ պետության հաշվին։ Խոսքը ոչ թե ֆորմալ, ատրիբուտիկ, այլ բովանդակային պետության մասին է, որը հենց այս օրերին իշխանությունը դրել է զոհասեղանին։
Վարվող քարոզչության նպատակն իրականում ազգային հիշողության, ազգային արժանապատվության, վերջին հաշվով, ինքնության ոչնչացումն է, որին հակադրվում է բարեկեցիկ կյանքի հեռանկարը։ Հայաստանը վերածվում է տարածքի, որն առանց պետության բովանդակային հատկանիշների՝ կարող է բարեկեցիկ կյանք ապահովել դրանում ապրողների համար, որոնք գուցե կունենան անձնագիր ու ֆորմալ քաղաքացիություն, բայց գործառութային առումով կլինեն այն երկրների հպատակները, որոնք հետևողականորեն կազմաքանդում են Հայաստան պետությունը ներքին ֆունկցիոներների միջոցով։
Պետության վերացման համար ամենակարևոր պայմանը քաղաքացիների գիտակցության մեջ պետության անայլընտրանքայնության վերացումն է։ Պետության ոչնչացման պայմանական սկիզբ կարելի է համարել այն պահը, երբ հասարակության որոշակի շերտի արժեքային համակարգում պետությունը զիջում է իր առաջնայնությունը լավ ապրուստին։ Այդ շերտը, որը, ցավոք, բավական լայն շերտ է, առաջնորդվում է «Ո՞ւմ ա պետք սենց պետությունը» հավաքական մտածողությամբ։
Հիմա իշխանությունը պատասխանում է այդ հարցին՝ իր գործողություններով ցույց տալով, որ պետությունը ոչ մեկին պետք չէ, փոխարենը՝ կարելի է կուշտ լինել առանց պետության։ Այս հարցը ֆորմալ պատասխան է ստանալու հունիսի 20-ի ընտրություններում, եթե, իհարկե, դրանք տեղի ունենան։
Միայն այն, որ գործող իշխանությունը ոչ միայն մասնակցելու է այդ ընտրություններին, այլև կազմակերպելու է դրանք և ունի ձայների մեծ տոկոս հավաքելու թեկուզ տեսական շանս, նշանակում է, որ հայ հասարակությունն արդեն իսկ համաձայնություն է տվել Հայաստանն անպետություն տարածքի վերածելու ծրագրին՝ պայմանով, որ այդ տարածքում քաբաբը կլինի հնարավորինս էժան ու ցանկալի է՝ կետչուպով։ Թուրքական արտադրության, բնականաբար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: