WHO ARE YOU MR. PRESIDENT?
Արմեն Սարգսյանը յուրահատուկ երեւույթ է Հայաստանի ներքաղաքական կյանքում։
Իր գործողություններով եւ ավելի շատ անգործությամբ նա անընդհատ սահմանադրական ճգնաժամեր է ստեղծում եւ դրանք խորացնում, չի կատարում Հայաստանի անվտանգության եւ Սահմանադրության պաշտպանի իր պարտականությունները։ Ընդ որում, եթե սկզբում Արմեն Սարգսյանը բողոքում էր, թե Սահմանադրությամբ շատ քիչ լիազորություններ ունի, ապա երբ գալիս է նրա լիազորությունների պահը, էլի ոչինչ չի անում։ Դրա համար նա անընդհատ ընդդիմության թիրախում է, արդեն թիրախավորում են նաեւ նրա ընտանիքը, քննադատությունը վեր է ածվում հայհոյանքի, բայց նա անդրդվելիորեն շարունակում է նույն ոճով անգործությունը կամ գործողությունների իմիտացիան։
Ո՞րն է Արմեն Սարգսյանի նպատակը, ի՞նչ խնդիրներ է նա հետապնդում Հայաստանը շարունակաբար ճգնաժամի մեջ պահելով, եւ ի վերջո, ինչո՞ւ չի հեռանում ու ապրում է ծաղրանքի ու հայհոյանքների տարափի տակ։ Ի վերջո, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի, Արմեն Սարգսյանը տներ էլ ունի աշխարհի տարբեր անկյուններում, քաղաքացիություններ էլ, հեռանալու հնարավորություն էլ, բայց նա էլի կառչած է մի աթոռից, որը իրեն ոչ մի ապագա չի խոստանում։
Դժվար է Արմեն Սարգսյանին մեղադրել պաշտոնամոլության մեջ։ Նա արդեն մի անգամ՝ 90-ականներին, եղել է բարձր պաշտոնի, մի քանի ամսով եղել է վարչապետ, բայց ինքնակամ հրաժարվել է եւ գնացել է իր բիզնեսներին տիրություն անելու։ Նրա համար կարեւոր էր իր ռեզյումեում մի տող ավելացնելը վարչապետության մասին, որից հետո գործերը կտրուկ լավացան, ավելի զարգացավ բիզնեսը, ընդունելի դարձավ միջազգային էլիտայի կողմից։ Այնպես որ, նախագահի պաշտոնը զբաղեցնելով սեփական փառասիրությանը եւ ամբիցիաներին հագուրդ տալը՝ այն էլ հայհոյանքների տարափի տակ, անհավանական է թվում, մանավանդ, որ դա նաեւ գցում է նրա վարկը միջազգային համայնքում։
Երկրորդ կարեւոր պատճառ կարող է հանդիսանալ գանձագողությունը, կոռուպցիան։ Բայց Արմեն Սարգսյանը շատ հարուստ մարդ է, նրա ունեցվածքը երեւի հարյուրավոր միլիոնների է հասնում։ Նա սեփականատեր է տարբեր ձեռնարկությունների աշխարհով մեկ՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Եվրոպա ու Ամերիկա, տարբեր բնագավառներում՝ սննդի արդյունաբերությունից մինչեւ նավթարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ ու մեդիա։ Հայաստանի խղճուկ բյուջեից այս պայմաններում մի քանի հազար դոլար թռցնելու հեռանկարի համար այսքան հայհոյանք ուտելը քիչ հավանական է թվում։
Եթե Արմեն Սարգսյանը որեւէ ֆինանսական ակնկալիք էլ ունի իր պաշտոնից՝ ապա միայն իր հարստության հետ համադրելի ծրագրերի դեպքում, ինչպիսին կարող է լինել Ամուլսարը կամ ադրբեջանական նավթամուղերի անվտանգության երաշխավորի գինը։
Նրա պաշտոնավարման մյուս հնարավոր պատճառը կարող է լինել այն, որ Արմեն Սարգսյանն այս պաշտոնում որոշակի առաջադրանք է կատարում։ Արմեն Սարգսյանը եղել է իմ դասախոսը, ինձ 70-ականների վերջին տեսական ֆիզիկա է դասավանդել, կարծեմ՝ վիճակագրական ֆիզիկայի կուրսը։ Հետո երիտասարդ դասախոսին շտապ Անգլիա գործուղելու հնարավորություն առաջացավ։ Ավելորդ է ասել, որ այդ տարիներին ԽՍՀՄ-ից նման գործուղման կարող էին մեկնել միայն հատուկ ծառայությունների ընկերները։ Արմեն Սարգսյանի դեպքում լրացուցիչ խնդիր առաջացավ՝ կապիտալիստական երկրներ կարող էին գործուղվել միայն Կոմունիստական կուսակցության անդամները։ Նրա դեպքում արագ գործողություն արեցին՝ «ընտրեցին» ֆակուլտետի կոմերիտմիության առաջին քարտուղար, ինչի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց արագ կուսակցական դառնալու։ Պետք է նշել, որ մինչ այդ դեպքը միշտ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության առաջին քարտուղարները ուսանողներից էին ընտրվում, նրա դեպքում բացառություն արեցին։
Դժվար է ենթադրել, որ Արմեն Սարգսյանին վերահավաքագրել են ուրիշները։ Ավելին, Արմեն Սարգսյանը շարունակում է պահպանել ջերմ հարաբերությունները ռուսական եւ հետխորհրդային էլիտայի հետ։ Հատուկ ծառայությունները նախանձախնդրորեն են վերաբերվում իրենց կողմից աճեցրած, որոշակի բիզնես նվաճումների կամ հանրային ճանաչման հասցրած ընկերներին։ Ռուսները առավել խիստ են նման դեպքերում՝ հիշենք փախուստի փորձ կատարած Սկրիպալների կամ Ալեքսանդր Լիտվինենկոյի ճակատագրերը հենց նույն Անգլիայում։
Այնպես, որ ի տարբերություն տարածվող տեսակետների, կարծում եմ, Արմեն Սարգսյանը կամ լուրջ տնտեսական լծակներ բանեցնելու կամ ակնկալելու, կամ էլ որոշակի ֆունկցիա կատարելու համար է շարունակում պաշտոնավարել, կամ էլ երկուսը միասին։
Իսկ 2018թ․ ապրիլի 21-ին, երբ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակի միտինգի ժամանակ մեկուսի հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, իր հայկական անձնագրից ու ժէկի թղթից բացի, թերեւս նա ուրիշ վկայական էլ է ցույց տվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել