Կանհետանա՞ արդյոք երբեւէ կորոնավիրուսը: Ոչ ոք հաստատ չգիտի: Գիտնականները կարծում են, որ COVID-19 առաջացնող վիրուսը կարող է մեզ հետ լինել տասնամյակներ կամ ավելի երկար, բայց դա չի նշանակում, որ այն կշարունակի ներկայացնել նույն սպառնալիքը, գրում է AP-ն:

Վիրուսը հայտնվել է 2019-ի վերջին, եւ դժվար է կանխատեսել, թե ինչպես այն իրեն կպահի երկարաժամկետ հեռանկարում: Սակայն շատ փորձագետներ կարծում են, որ հիվանդությունն ի վերջո կվերածվի այնպիսի տհաճ երեւույթի, ինչպիսին է սովորական մրսածությունը: Դա տեղի կունենա, քանի որ մարդիկ ժամանակի ընթացքում կամ վարակվելու, կամ պատվաստումների արդյունքում իմունիտետ ձեռք կբերեն: Մյուս վիրուսները նույն ճանապարհն են անցել:

1918-ի գրիպի համաճարակը նույնպես կարող է տեղեկություններ տալ COVID-19-ի ընթացքի մասին: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գնահատմամբ՝ աշխարհի բնակչության մեկ երրորդը վարակվել է այդ վիրուսով: Ի վերջո, երբ վարակվածների մոտ իմունիտետ է առաջացել, վիրուսը դադարել է արագորեն տարածվել: Այն հետագայում վերածվել է ավելի քիչ վտանգավոր ձեւի, որը, ըստ մասնագետների, շարունակում է շրջանառվել սեզոնային եղանակով:

Սակայն COVID-19-ի նոր տարբերակների ի հայտ գալը կարող է բարդացնել պատկերը, եթե հետագա վիրուսային մուտացիաներն ավելի ծանր հիվանդություն առաջացնեն:

Դժվար թե վիրուսը երբեւէ ամբողջությամբ վերանա, հաշվի առնելով այն հավանականությունը, որ մարդիկ կարող են նորից վարակվել արդեն հիվանդանալուց կամ պատվաստվելուց հետո:

Միակ վիրուսը, որը երբեւէ ոչնչացվել է, ծաղիկն է: Քանի որ հիվանդությունից կամ պատվաստումից հետո մարդկանց մոտ ուժեղ իմունիտետ է զարգացել այս վիրուսի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել