Էլլա Ուիլյամսը, ով 19-20 դդ. շոու-բիզնեսում հայտնի էր որպես մադամ Աբոմա, իր ժամանակների ամենաբարձրահասակ կանանցից մեկն էր։ Էլլայի հասակը 2,28 մ էր։ Շոումենները նրա վերաբերյալ պատմություն էին հորինել, համաձայն որի՝ նա ամազոնուհի էր, և շատերն իսկապես հավատում էին այդ առասպելին։

Իրականում Էլլան ծնվել էր Հարավային Կարոլինայում 1865 թ.՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի 13-րդ սահմանադրական փոփոխությունների արդյունքում վերացվեց ստրկությունը։ Էլլայի ծնողները կրում էին ստրկատերեր Գրիսբիների ազգանունը. ըստ ավանդույթի՝ ստրուկներին տալիս էին նրանց տերերի ազգանունները։

Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ պատճառով էլ Էլլան չէր ցանկանում կրել Գրիբսի ազգանունը, և հետագայում փոխեց այն Ուիլյամսով՝ այն ընտանիքի պատվին, որում որպես խոհարար աշխատում էր տարիներ շարունակ։

Էլլան ուներ քույրեր ու եղբայրներ, սակայն նրանցից ոչ ոք չէր առանձնանում բարձր հասակով։ Իհարկե, բարձրահասակ աղջիկը չէր կարող ուշադրության չարժանանալ. շոումենները բազմաթիվ անգամներ փորձել են համոզել նրան՝ մասնակցել շոուների։

Ի վերջո մեկին դա անել հաջողվեց. մի ընկերության մենեջեր աղջկան առաջարկեց հյուրախաղերի մասնակցել։ Էլլան դարձավ իր ժամանակների ամենահայտնի «հսկաներից» մեկը։ Սակայն հյուրախաղերի նա մեկնեց Բրիտանական կղզիներ, այլ ոչ հայրենի Նահանգներ։ Էլլայի առաջին տուրը կազմակերպած մենեջերը հասկանում էր, որ ԱՄՆ-ում նոր օրենքի պատճառով աղջիկը կարող է վրդովմունք առաջացնել մարդկանց մոտ։

Ավելին, այդ ժամանակ Նահանգներում արդեն իսկ մի աստղ կար՝ Էլլա Քեյթ Յուինգը Միսուրիից։ Վերջինս սպիտակամորթ էր և 15 սմ ավելի բարձրահասակ, քան Ուիլյամսը։ Այդ իսկ պատճառով խելացի մենեջերը որոշեց այլ աուդիտորիա ընտրել՝ Եվրոպան։

Էլլային տվեցին «մադամ Աբոմա» բեմական կեղծանունը, ինչպես նաև նրա վերաբերյալ առասպել հորինեցին։ Համաձայն այդ լեգենդի՝ մադամ Աբոման ամազոնուհի էր և ծնվել էր Աբոմեյ քաղաքում, որը Դագոմեա թագավորության մայրաքաղաքն էր։ Այդ պետությունը գտնվում էր Աֆրիկայի արևմտյան ափին՝ ներկայիս Տոգոյի տարածքում։

Մադամ Աբոման հյուրախաղերով զբաղվեց ավելի քան 30 տարի։ Նա ժամանակի մեծ մասն անց էր կացնում Եվրոպայում, Ավստրալիայում, Նո Զելանդիայում, Կուբայում և Հարավային Ամերիկայում։ Ուներ գեղեցիկ զգեստապահարան, շնորհիվ որի՝ հսկա կինը մշտապես էլեգանտ և շքեղ տեսք ուներ։

Միացյալ Նահանգներ Էլլան վերադարձավ 1914 թ., երբ Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ ԱՄՆ-ում նրա համար առավել հեշտ էր ելույթ ունենալը, հետևաբար երկար տարիներ նա շարունակեց մասնակցել ժամանցային ծրագրերի և կրկեսների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել