Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը պաշտոնապես հայտարարել է իր կաբինետի հրաժարականի մասին։ Որոշումը կայացվել է շաբաթներ շարունակ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի և խորհրդարանում անվստահության քվեարկության սպասվող ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Նոյեմբերի վերջից սկսած՝ ամբողջ երկրում բողոքի ցույցեր են տեղի ունենում հարկային քաղաքականության և սոցիալական ապահովագրության վճարների բարձրացման դեմ: Հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Սոֆիայի փողոցներ՝ պահանջելով կառավարության փոփոխություն և կոռուպցիայի դեմ ավելի ուժեղ պայքար:
Նախորդ օրը մայրաքաղաքում ցուցարարները խորհրդարանի շենքի վրա բարձրացրել էին «Հրաժարական» և «Մաֆիան դուրս» կարգախոսներ:
Լրատվամիջոցների գնահատականներով՝ ցուցարարների թիվը գերազանցել է 100 000-ը։ Սոֆիայի համալսարանների ուսանողները միացել են ցույցերին, որոնք, կազմակերպիչների խոսքով, գերազանցել են անցյալ շաբաթվա ցուցանիշները։ Այլ բողոքի ցույցեր տեղի են ունեցել Բուլղարիայի ավելի քան 25 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Պլովդիվում, Վառնայում, Վելիկո Տիրնովոյում և Ռազգրադում։
Պլովդիվում մի քանի հազար մարդ հավաքվել է Սաեդինենիե հրապարակում՝ ծածանելով բուլղարական մեծ դրոշներ և կառավարության դեմ ուղղված պաստառներ։ Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Բուրգասում, որտեղ մոտ 10 000 մարդ հավաքվել էր քաղաքային շենքի առջև՝ ներկայացնելով կառավարության հրաժարականի պահանջ։
Արտերկրում գտնվող բուլղարացիները նույնպես միավորվել են՝ ցույցեր անցկացնելով Բրյուսելում, Լոնդոնում, Բեռլինում, Վիեննայում, Ցյուրիխում և Նյու Յորքում։ Պահանջների թվում են կառավարության հրաժարականը և կենսապայմանների ու աշխատանքային պայմանների բարելավումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել