«2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը չհայտարարված պատերազմ է վարում Հայաստանի Հանրապետության, պետության դեմ։ Թեև այդ պատերազմում նա շոշափելի հաջողություններ է արձանագրել նաև մինչև 44-օրյա պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիայի կնքումը, այդուհանդերձ պետության դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի քայլերը վերջնականացել են հատկապես պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Պատերազմի ընթացքում ու պատերազմի միջոցով Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց պետության առանցքային ինստիտուտներից մեկը՝ բանակը։ Բանակի հեղինակազրկումն ու պատվազրկումը սկսել էր շատ ավելի վաղ, պատերազմն ընդամենը դարձավ բանակի վերացման վերջակետը։
Նույնը Նիկոլ Փաշինյանն արել է նաև իրավապահ մարմինների հետ․ ոստիկանությունն այսօր վերածվել է անհաշվելի շարքերով Նիկոլ Փաշինյանի աշխատավայրն ու կեցավայրը պաշտպանողի: Ոստիկանության հեղինակությունը նույնպես հասցվել է անթույլատրելի ցածր կետի։
Դատական համակարգի դեմ պատերազմը Նիկոլ Փաշինյանը սկսել է իշխանության գալու առաջին իսկ օրվանից և շարունակում է մինչև այսօր։ Դատարանները դեռևս դիմադրում են, սակայն իշխանության պահպանման դեպքում նա ավարտին է հասցնելու նաև դատական համակարգի կազմաքանդումն ու ծառայեցումն իր իշխանության պահպանմանը։
Ահա այս համատեքստում՝ պետությանը, պետական ինստիտուտներին հայտարարված պատերազմի համատեքստում, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել նաև անվտանգության համակարգի մյուս կառույցի՝ Ազգային անվտանգության ծառայության կազմաքանդմանը։ Այն, ինչ վերջին օրերին այդ մարմինը անում էր «ֆեյք բռնելու գործով», ԱԱԾ-ի հեղինակությունը վերջնականապես հողին հավասարեցնելու օպերացիա էր, որում Նիկոլ Փաշինյանը կրկին շոշափելի հաջողություններ արձանագրեց։ Առանց այդ էլ նորմալ համբավ չունեցող ԱԱԾ-ն այլևս դարձել է մեմերի ու անեկդոտների առարկա։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իրար հետևից հաջողություններ է արձանագրում պետական ինստիտուտների, իմա՝ պետության դեմ հայտարարված պատերազմում։ Նրա հաջորդ թիրախը լինելու է հասարակությունը, որն առանց պետական ինստիտուտների առկայության՝ դառնալու է էլ ավելի խոցելի թիրախ։
Նիկոլ Փաշինյանն իրականում հակահամակարգային կերպար է․ նա գիտակից կյանքում, լրագրողական աշխատանքում կարիերա է արել՝ համակարգերի դեմ տարիների, տասնամյակների հետևողական պայքարի շնորհիվ։ Հիմա նա հնարավորություն է ստացել պայքարել համակարգերի դեմ՝ լինելով համակարգի գագաթում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: