Ուրեմն այսպես
Իրանի Արտաքին գործերի նախարարը հանդիպում է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ, Ադրբեջանի տնտեսական նախագծերին ակտիվ մասնակցություն ունենալու պատրաստակամություն հայտնում, գոհունակություն հայտնում Ադրբեջան իր այցի հետ կապված՝ «օկուպացված տարածքների ազատագրումից հետո»:
Շատ կարճ ժամանակ առաջ Իրան-Ադրբեջան տնտեսական հանձնաժողովի նիստ է տեղի ունենում, որի ընթացքում երկու երկրները քննարկում են Բաքու – Աստարա և Էրդեբիլ-Աստարա-Ռաշթ ավտոմայրուղիների միավորման հարցեր, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն էլ նշում է, որ քննարկվող կարևոր հարցերից է եղել «իրանական ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում կայանալիք վերակառուցման ծրագրերին»:
Գրեթե զուգահեռ հայտնի է դառնում, որ Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել:
Իսկ այս ընթացքում…
Հայաստանի Հանրապետության հակադարձումն այս պրոցեսներին սահմանափակվում է միայն ապաշրջափակման տնտեսական «հեռանկարների» մասին մերկ խոստումներով և Էկոնոմիկայի նախարարի՝ Իրան կատարած այցով, որը եղած ինֆորմացիայից պարզ է դառնում, որ սահամանփակվել է երկկողմ օրակարգով, այն էլ խիստ տեսական:
Իսկ տարածաշրջա՞նը… մենք չունե՞նք մտահոգություններ, առաջնահերթություններ, օրակարգեր, որոնց իրականացմանը մեծ նպաստ կբերեր բարեկամ Իրանի տարածաշրջանային դերակատարությունը:
Տպավորություն է, որ Հայաստան պետությունն այս եռացող գործընթացներից «լվացել է ձեռքերը» և պատրաստ է բավարարվել այն մնացորդով, ինչը կմնա այդ պրոցեսների արդյունքում, եթե մնա…
Եվս մի հանգամանք ֆիքսենք, Իրան-Ադրբեջան տարածաշրջանի տնտեսական վերաձևակերպումների շուրջ երկխոսությունն ընթանում է ամենաբարձր մակարդակով, իսկ Հայաստանի հետ՝ նախարարների:
Ընդ որում այն մեր կողմից այն նախարարի, որը բոլորովին վերջերս «փայլեց» ոչ ավել ոչ պակաս Իրանի համար մեղմ ասած խնդրահարույց երկրի նախագահի փիառ ակցիայի բառացի կրկնօրինակմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել