«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք: Ավելին՝ նա այն համարում է «հետադիմական և վնասակար մտածողություն»: Այս և ներքաղաքական այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Կոտայքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ:
-Չե՞ք կարծում, որ, մեղմ ասած, բավական վտանգավոր ուղերձ է հղում Լենա Նազարյանը՝ ասելով, թե նրանք, ովքեր ասում են՝ կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք, թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել:
- Լինելով պատմության մասնագետ և նաև բազային կրթությամբ՝ քաղաքագետ՝ իրականում կարծում եմ, որ ցանկացած պետության առաջխաղացման հիմքում շատ կարևոր է ունենալ ազգային գաղափարախոսություն: Ինչ-որ մի ժամանակից սկսած՝ շատ քաղաքական գործիչներ քամահրանքով էին խոսում հայրենասիրության, ազգային գաղափարախոսության մասին՝ դրանք համարելով կեղծ կատեգորիաներ: Սակայն վերջին արցախյան պատերազմը ցույց տվեց, որ ազգային գաղափարախոսությունը կարող է անգամ 21-րդ դարում լինել կենսունակ: Ավելին՝ նրա որոշ դրույթներ կարող են ձևավորել ցանկացած պետության արտաքին քաղաքականություն, որն այս օրերին իրականացրեց Թուրքիայի Հանրապետությունը: Այնինչ մեզանում հայրենասիրությունը և ազգային գաղափարախոսությունը՝ ազգապահպանման և պետականաստեղծման առումով, կարծես թե, հետ քաշվեցին:
-Բավական ուշացած չէ՞ հիմա խոսել ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին:
-Ես անուղղելի լավատես եմ և կարծում եմ՝ պատմությունը ստատիկ երևույթ չէ, այլ թերևս ամենադինամիկ զարգացող երևույթներից մեկն է: Ինչպես բազմիցս նշել են տարբեր հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, նաև ԱԺ ամբիոնից պատգամավորներ, այս ցավոտ պարտությունը կարող է մեզ համար լինել զարգացման ելակետ, եթե կարողանանք մեր համազգային ներուժը համախմբել և հասնել հանրային համերաշխության, եթե այս օրերին անձնական, կուսակցական շահը ավելի դատենք, քան մեր պետության շահն է, ապա առաջիկայում նույնպես դատապարտված կլինենք դարձյալ ունենալու սխալներ: Եվ, այո, շատ կարևոր է, որ այն սերունդը, որն այսօր սովորում է դպրոցում, կարողանա հասկանալ, որ երբեմն պարտությունը ստիպում է վերարժևորել շատ կարևոր արժեքներ, որոնք կարող են դառնալ հենց պետության զարգացման հենասյուներից մեկը՝ կրթության շեշտադրումով․․․
-Ինչո՞ւ եք կարծում, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, եթե համարում եք, որ «Իմ քայլը» դեռ ունի ժողովրդի կողմից տրված քվե:
-Դուք իմ կարծիքը հարցրիք, ես էլ ասում եմ՝ գտնում եմ, որ կարելի է և պետք է գնալ արտահերթ ընտրությունների: Նախ, երկրի ներսում շատ խանգարում են այս պահին ընդդիմության կողմից իրականացվող ակցիաները․․․
-Ի՞նչն է խանգարում իշխանությանը շարունակել աշխատել՝ այն մեկ ընդդիմադիր վրա՞նը, որ տեղադրված է Հանրապետության հրապարակում:
-Դե, այնուամենայնիվ, ինչ-որ խնդիրներ կան: Իհարկե, կողմ եմ, որ բոլոր բանակցությունները տեղի ունենան կլոր սեղանի շուրջ, որքան էլ տարբեր կուսակցություններ ունենք, որոնք ունեն տարբեր քաղաքական կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, միևնույնն է, բոլոր ծրագրերի վերջնական ակնկալվող արդյունքը մեր երկրի բարգավաճմանն ու զարգացմանն է ուղղված: Գուցե այստեղ իրականում խնդիրը լուծումների մեջ է, կամ՝ ընտրված միջոցների: Այսինքն՝ եթե ունենք վերջնական ակնկալվող արդյունք՝ ուժեղ և հզոր, և այս պահին մեջքն ուղղած հանրապետություն ունենալու, ապա լուծումները մի՞թե հնարավոր չէ համատեղել: Ի վերջո, ժողովրդական ամեն թևավոր խոսքը մի ամբողջ բովանդակային գիրք է՝ «մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ»:
-Բայց ո՞ւմ հետ ընդդիմությունը գլուխ գլխի տա, երբ Ձեր իշխանությանը նախևառաջ մեղադրում են փորձառություն չունենալու մեջ:
- Եթե շատերը մեզ մեղադրում են, որ փորձառու չենք, նրանք ավելի փորձառու են, ապա ինչո՞ւ չի կարելի գիտելիքը և փորձառությունը գումարել իրար և ստանալ ակնկալվող արդյունքը, որը կներդրվի խնդիրների լուծման համար: Այլապես անընդհատ խոսել, որ արտաքին հարաբերություններում ունենք խնդիրներ, բայց անընդհատ երկրի ներսում ունենալ խժդժություններ և ասել, թե իշխող մեծամասնությանն այլևս չեն վստահում, չունի ժողովրդի կողմից տրված քվե, չկա լեգիտիմության այն բարձր մակարդակը, որը կար 2018-19 թվականներին, ապա գուցե պետք է նորից ստանալ ժողովրդի քվեն:
Չնայած՝ այս խնդիրը նույնպես խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության դաշտում է: Ինչպես գիտեք, ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը պարբերաբար հանդիպումներ են ունենում քաղաքական կուսակցությունների հետ: Եվ եթե, այնուամենայնիվ, գնանք արտահերթ ընտրությունների, այստեղ խնդիր չեմ տեսնում: ժողովուրդն իմաստուն է, և գուցե, այս տարիների ընթացքում, իսկապես, մեր սխալներն այնքան շատ են, որ այլևս չպետք է զբաղեցնենք իշխանությունը, գուցե ընդհակառակը՝ ժողովուրդը մյուս քաղաքական ուժերի հետ հստակ համեմատության մեջ կարող է տեսնել մեր վարքագիծը, հռետորաբանությունը, ընտրված բառերը, աշխատանքները, և, ի վերջո, անհատներին, որոնք ձևավորում են այդ ուժը և տա իր վերջնական քվեն: Այստեղ որևէ զարմանալու բան չկա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: