Առևտուր, առևտուր, առևտուր... Չկան արժեքներ, չկա անվտանգություն, չկա պետություն...
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի վերջին հայտարարությունը տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման և այդ համատեքստում Հայաստանի` բուն Ադրբեջանի ու ՆԻՀ (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) միջև կապ տրամադրելու պատրաստակամությունը որոշ հարցեր է առաջ բերում:
Նախ՝ որքանո՞վ է իրական, որ հայկական բեռնափոխադրումները կարող են ՌԴ և ԻԻՀ իրականացվել Ադրբեջանի տարածքով:
Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնում ապահովել հայկական մեքենաների և բեռնատարների անվտանգությունը:
Մանե Գեւորգյանը նաև նշում է, որ սույն ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել առանց նոյեմբերի 9-ի համաձայնության 8-րդ կետի կատարման, այսինքն` գերիների ու պատանդների վերադարձի:
Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Սյունիքի տարածքով Ադրբեջանին տարանցիկ ուղի տրամադրելու դիմաց Ադրբեջանը կարող է վերադարձնել գերիներին և պատանդ պահվող անձանց:
Եթե բանակցություններն ընթանալու են այս տրամաբանությամբ, ստացվում է, որ մենք տարանցիկ ճանապարհ ենք տրամադրում Ադրբեջանին առանց որևէ երաշխիքի, որ հայկական կողմը նույնպես կարող է օգտագործել հարևան երկրի տարածքը բեռնափոխադրումների նպատակով:
Այսինքն՝ տողատակերից հետևում է, որ Հայաստանը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տրամադրել, եթե Ադրբեջանը վերադարձնի հայկական կողմին գերիներին ու պատանդներին:
Սակայն այստեղ նույնպես որևէ երաշխիք չկա:
Հարց է ծագում, թե ո՞վ է արդյոք ընկնում գերիների կատեգորիայի մեջ, եթե Բաքվում արդեն որոշ հայ զինծառայողների ներկայացնում են որպես ռազմական հանցագործ, ում պատրաստվում են պարզապես դատել:
Դե իսկ Հայաստանով թուրանական ճանապարհի հետագա հետևանքների մասին խոսելը կարծես իմաստ չունի: Մարդկանց հետաքրքրում է պարզապես հեշտ առևտուրը: Այս տրամաբանությամբ են առաջնորդվում շատերը` հասարակ քաղաքացիներից մինչև երկրի առաջին դեմքեր:
Ցավալի է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել