Հունվարի 1-ից սկսում է աշխատել մեր գոյության պայմանական ժամացույցը: Ինչպես անգլերենում են ասում` the countdown clock - դեպի զրոյական ցուցիչ ձգտող ժամանակի մեխանիզմը:
Այն, ամենայն հավանականությամբ, կլրանա հինգ տարուց, երբ Ադրբեջանը, համաձայն մեր սեփական դավաճանի ստորագրած փաստաթղթի` կպահանջի Ռուսաստանից հանել զորքերը: Եվ Ռուսաստանը, թերևս, կհանի:
Ու հայերը կմնան միայնակ:
Միայնակ, որովհետև մինչ այդ առավել խորը մտած կլինեն Կարմիր Հրապարակի ետնախորշերը և առավել մոլագարաբար հավատացած կլինեն, որ այդպես առավել ապահով են և իհարկե հավելյալ հրապարակներ և ոչ անպայման ետնախորշերով` փնտրած չեն լինի:
Իհարկե, շատ հնարավոր է, որ մեր հարևան արդեն քիրվաները ավելի շուտ մեր հարցերը լուծած լինեն: Բայց, իհարկե, այս պահին` պաշտոնական վերջնաժամկետը հինգ տարին է:
Այս հինգ տարում ամանոր նշենք, մեզ ապահով զգանք, երկար փիլիսոփայենք և վայելենք այն` ինչ մեզ հինգ տարի լավ է թվալու:
Միևնույն է` մենք բռնել ենք աղվանների ճամփան: Այն աղվանների, որ մեծ էին, կարևոր և բարի և որոնց հիմա ալբանացի են ասում ու որոնց գերեզմանների վրա իրենց կամայնության ու նպատակասլացության շնորհիվ քոչվորից նստակյաց դարձած սև և սպիտակ ոչխարների ցեղախմբերի կճղակներն են դոփում:
Այդ աղվանները, որ հայաստեղծ գիր ունեին, հայակառույց եկեղեցի, հայ կաթողիկոսներ, հայածին մշակույթ և հայասեր արքաներ` այսօր չկան: Չկան, որովհետև մի օր իրենք որոշեցին, որ դիմադրել պետք չէ, պետք է գոյակցել, իսկ եկվոր կճղակավորները իրենց չեն ուտի: Եվ այդպես` խաղաղություն մուրալով` հավերժական խաղաղության գիրկն անցան:
Խաղաղություն մեզ նոր տարում: Գոնե այս պահին` հնագույն և մեծ աղվանական, իսկ թերևս «ալբանական» մտածողությամբ մենք հաստատ կհասնենք այդ խաղաղությանը:
Հավերժական խաղաղությանը:
Եվ ուրեմն վայելենք մեր հնգամյա «խաղաղության» բերկրանքը: Մինչև վրա կհասնի այն մյուս` արդեն հավերժական խաղաղությունը:
Խաղաղ տարի մեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել