Այսօր ԱԺ տնտեսական մուտքի դիմաց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ծեծի է ենթարկել ցուցարարին։
ԻՆՉՈ՞Ւ ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ։
Ճիշտ է, ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի անձեռնմխելիությունը, սակայն նույն հոդվածում հստակ ամրագրված է՝ Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է, ԹԵ Ո՞Ր ԱՐԱՐՔԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԱՌԿԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Ս․ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու համար, որը չի առաջացրել նույն օրենսգրքի 117-րդ հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը») նախատեսված հետևանք։
ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՓԱՍՏ, ՈՐՈՎ ԱՊԱՑՈՒՑՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ։
Գործողությունների ողջ ընթացքը ուղիղ եթերի ռեժիմով ցուցադրվել է։ Ներկա են եղել ոստիկանության մի շարք ծառայողներ, ովքեր, ի դեպ, բերման են ենթարկել շուրջ երեք տասնյակ ցուցարարների, իսկ պատգամավորի մասով ցուցաբերել են ակնհայտ անգործություն։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏԸ ՉՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՒ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել