168.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակուցն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են երկուշաբթի օրը դադարեցնել ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ստորագրությամբ ԱԺ նախագահին ուղղված նամակում և շրջանառության մեջ դրված նախագծում հեղինակները հղում են արել ԱԺ կանոնակարգ օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասին, բայց,  գիտակցաբար թե անուշադրության պատճառով, նախագծի հեղինակները չեն  կարդացել այդ նույն հոդվածի 1-ին մասը, որտեղ հստակ  ամրագրված է, թե որ դեպքերում կարող են դադարեցվել մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններ՝

1) եթե դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.

2) նա հրաժարական է տվել.

3) նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից:

Նաիրա Զոհաբյանը խմբակցությունից չի հեռացվել, հրաժարական չի տվել և  ո՛չ էլ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները: Այդ դեպքում հարց է ծագում՝ նպատակին հասնելու համար ի՞նչ տրամաբանությամբ է «Իմ քայլը» առաջնորդվել, գուցե  «նպատակը արդարացնում է միջոցները»՝ Նիկոլո Մաքիավելիի հայտնի խոսքո՞վ:

«Իմ քայլի»-ի հաջորդ քայլն ու ԱԺ նախագահին ներկայացրած հիմնավորումներն էլ տարակուսելի են:

Նրանք Արարատ Միզորյանին առաջարկում են դադարեցնել Զոհրաբյանի լիազորությունները, որովհետև հաննձնաժողովի նախագահը այս տարվա դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության  էջը»։

«Իմ քայլը» հիմնավորել է, որ Զոհաբյանի այս նախադասությունը հակասում է Սահմանադրության այն հոդվածին, որով Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։

Մինչդեռ իմքայլականները 2.5 տարի լուռ հանդուրժում էին Սահմանադրության իրենց իսկ նշած հոդվածի այլ խախտումներ, երբ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությամբ բարձրագույն արժեք համարվող ՀՀ քաղաքացուն անվանում էր վնգստացող, ոստիկաններին կոչ էր անում բարձրագույն արժեք համարվող մարդուն ասֆալտին փռել, գեներալներին՝ սերմացու գողացող մկներ և թալանչիներ, իր համախոհ քաղաքացիներին կոչ էր անում մյուսներից վրեժ լուծել։

«Իմ քայլը» Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու  հիմք է  ներկայացրել ու մեջբերել պատգամավորի այլ արտահայտություններ ևս.

«Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է։ Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքը չբերի իշխանություն»։

Ըստ «Իմ քայլի» բերած հիմնավորման՝ Զոհրաբյանի այս նախադասությունը հակասում է Սահմանադրության այն հոդվածին, ըստ որի՝ քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ծագումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է։

Հարց՝  ինչո՞ւ էր հանրային իշխանությունը մոռացել իր պարտականությունների մասին, երբ  նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրահանգում էր արգելափակել դատարանների մուտքերը, երբ հրահանգում էր «մարդկանց ծեփել պատերին, կտրել նրանց թաթիկները»։

«Իմ քայլը» խմբակցությունն ու ղեկավարը հավանաբար մոռացել են նաև ՀՀ Սահմանադրության մեկ այլ, բայց շատ կարևոր հոդվածի մասին՝ «Օրենքի առաջ բոլորը հավասար են»՝ անկախ դիրքից, պաշտոնից:

Ի դեպ,  հիշեցնենք, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող  խմբակցությունն ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին հեռացնելու մտադրություն վաղուց է ունեցել, օրինակ, երբ խորհրդարանում քննարկման ժամանակ, Ազգային ժողովի ամբիոնից՝ թեմայից դուրս ելույթ ունեցավ տրանսգենդերը, որից հետո   Նաիրա Զոհրաբյանը նիստերի դահլիճից նրան դուրս հրավիրեց։

«Իմ քայլը» խմբակցությունն այդ օրվանից «մտմտում էր» Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու և այն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին տալու հարցը. ավելին՝ մեր տեղեկություններով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ ևս «Իմ քայլը» որոշել էր հանդես գալ Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախաձեռնությամբ, սակայն պատերազմն այդ ցանկության իրականացումն առժամանակ կասեցրեց։

Հիմա, պատերազմի ավարտից հետո, երբ պատերազմի աղետալի հետևանքները՝  բազմաթիվ տնտեսական, սոցիալական, բարոյական ու հոգեբանական  խնդիրները լուծելու առաջնահերթություն կա, «Իմ քայլը» որոշել է իրականություն դարձնել իր վաղեմի երազանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել