Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ռազմական դրություն մտցնեն հօգուտ թշնամու։ Հայաստանը այդ հարցում միակն է։
Սեպտեմբերի 27-ին մտցվեց ռազմական դրություն։
Ռազմական դրության պայմաններում իբրև թե պետք է պահեստազորի և տեխնիկայի համընդհանուր զորահավաք կազմակերպեին, բայց այն կառավարության կողմից միտումնավոր ձախողվեց, ինչը ձեռնտու էր միայն թշնամուն։
Կոչ արվեց կամավորական ջոկատներ ստեղծել, որի համար ռազմական դրություն բոլորովին պետք չէր։
Ռազմական դրության պայմաններում արգելվեց, պաշտոնական ստից ու կեղծիքից բացի, այլ կարծիք։ Սա ևս ձեռնտու էր միայն թշնամուն, որովհետև թիկունքը հաղթական պարտության մասին իմացավ միայն այն դեպքում, երբ Շուշին պաշտոնապես հանձնված էր, իսկ Նիկոլն արդեն ստորագրել էր կապիտուլյացիոն խայտառակ հայտարարությունը։ Այսինքն՝ Հայրենիքի մեծ մասը վաճառելու գործարքը։
Ռազմական դրության ռեժիմի պարագայում Նիկոլը հանձնում է նաև Սյունիքի գյուղերը։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, բայց թշնամու զինված զորքերը դրոշը ձեռքներին անարգել մտնում են այդ պետության տարածք։ Այս պարագայում ևս ՀՀ ռազմական դրությունը ձեռնտու է միայն թշնամուն։
Կապիտուլյացիայից հետո, ռազմական դրության ռեժիմի որոշ սահմանափակումներ հանվել են՝ բացառությամբ Նիկոլին անվստահություն հայտնելու սահմանափակումից։ Սա ևս ձեռնտու է թշնամուն, որովհետև Ադրբեջանը որտեղի՞ց պետք է գտներ Նիկոլի պես դավաճան, որը կամավոր հիմունքներով ՀՀ գյուղերը ևս հանձնի թշնամուն։ Բացի այդ, ոչ միայն հանձնի հողերը, այլ նաև ոստիկանական բիրտ ուժով պայքարի իր արժանապատիվ քաղաքացիների դեմ։
Հայաստանում միայն հիմարները չեն համաձայնվի այն մտքի հետ, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմը ձեռնտու է եղել բացառապես Ադրբեջանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել