Երբեմն սարսափով եմ արձանագրում ու գնալով համոզումս թանձրանում է, որ Հայաստանը հայտնվել է երկու զուգահեռ, միմյանց անհաղորդ ու միմյանց խորթ, միմյանցից բևեռներով հակադիր իրականությունների և իրակությունների տիրույթում:
Երբեմն սարսափով եմ արձանագրում ու գնալով համոզումս թանձրանում է, որ երկու՝ գենետիկ տարբեր կոդերով տեսակներ են ապրում մեր էս մի բուռ երկնքի տակ, տարբեր տագնապների, տարբեր արժեքների, տարբեր ցավերի, տարբեր հող ու ջրի ժառանգորդ տեսակներ:
Ես, իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե էլ ի՞նչ պիտի լիներ մեր հայրենիքի հետ, որ ձեր մեջ արթնանար հայը. արթնանար մարդը, արթնանար արժանապատվությունը...
Մեր Հայրենիքի մի զգալի մասի կորուստը բավական չէ՞, բա 5000 զոհերի կյանքը գին չունի՞, բա՞ էն կորածների ու գերիների ճակատագիրը ձեզ չի՞ հուզում, բա՞ տասնյակ հազարավոր խեղված ու հաշմանդան երիտասարդների ապագան ձեզ չի՞ անհանգստացնում, բա Որոտանում այրվող ձեր հայրենակիցների տների ծխից ձեր ուղեղը չի՞ պայթում, բա մեր սահմանին ու մեր քթի տակ ծածանվող թուրքի դրոշից ձեր սրտի զարկերը չե՞ն արագանում:
Բա դուք չե՞ք ամաչում, որ մի գիշերվա մեջ սկուտեղի վրա թուրքին տվեց մեր հարյուրամյակի հաղթանակը, մեր Դադիվանքն ու Շուշին, բա դուք իսկապես հաշտ ե՞ք, չե՞ք գիտակցում, որ Արցախի Հանրապետությունը չկա, բա դուք չե՞ք տեսնում, որ էս մի ափ հողը չորս կողմից սահմանաներձ է ու թրքամերձ, բա դուք բոլորովին չե՞ք գիտակցում, որ անտեր մնացած մեր երկրի ու ժողովրդի հարցերը այլ երկրի բաժնի պետերի մակարդակով են լուծվում:
Բա դուք չե՞ք տեսնում, որ մեր երկիրը ոստիկանապետության է վերածվել և ով փորձում է ձայն բարձրացնել՝ Սյունիքից մինչև Երևան, հայտնվում է քննչական մարմնի մամլիչի տակ:
Բա դուք բոլորովին վիրավարված չե՞ք , որ 44 օր ձեզ հաղթանակ էին ստում, իսկ ձեր որդիներին մատաղացու էին դարձրել ու նրանց արյան գնով պարտություն էին կերտում:
Բա դուք չտեսա՞ք, որ ինքնահռչակ գերագույն հրամանատարի միակ հաղթահարած բարձունքը Եռաբլուրն էր, այն էլ՝ պղծելու գնով...
Բա դուք ինչպե՞ս եք հաշտվում այս մղձավանջի հետ, բա ձեր խիղճը բոլորովին չի՛ արթնանում, բա դուք չե՛ք հասկանում, որ այս դավաճանությունը հասցեատեր ու պատասխանատու ունի:
Բա դուք չե՞ք տեսնում, որ ժողովրդի վարչապետն այսօր թաքնվել է ճաղավանդակների, ոստիկանալան զորքերի, զրահամեքենաների ետևում, բա դուք չե՞ք տեսնում, որ մրջազգային հանրույթը ծիծաղալով դրա վրա՝ մեր պետականության մնացորդացն է նվաստացնում, և իբրև չգոյության է մեզ վերաբերվում, բա դուք չե՞ք արձանագրում, որ դրա պաշտոնավորման յուրաքանչյուր օրը նոր կորուստ ու նոր աղետ է:
Իսկ այսօր Երևանի քաղաքապետարանում ԻՔ-ի մի պատգամավոր առաջարկում էր քաղաքապետի ու տեղակալների աշխատավարձերը 100%-ով բարձրացնել: Իսկ երեկ պարզվեց, որ Էկոնոմիկային նախարարությունում մեր պատերազմի օրերին 23 մլն-ի պարգևավճար են ստացել:
Չէ՜, իսկապես, դուք չեք գիտակցում, որ այսպիսի բարոյական փլուզումով դժվար է ոտքի կանգնելը:
Հ.Գ
Երևի դեռ շատերը շարունակում են դուխով գլխարկ դնել, Էն Արծրունն էլ շարունակում է սպաներ կրթել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել