ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան տոները կանցկացնի Ֆլորիդա նահանգի Մար ա Լագո կալվածքում և Վաշինգտոն կվերադառնա մինչև պետության նորընտիր ղեկավար Ջո Բայդենի երդմնակալությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին: Այս մասին հաղորդում է USA Today թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Աղբյուրների համաձայն՝ Թրամփը Ֆլորիդա կժամանի դեկտեմբերի 23-ին և մայրաքաղաք կվերադառնա հունվարի 3-ին: Ինչպես նշում է հրատարակությունը, ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ գործող նախագահը կարող է Սուրբ Ծնունդն անցկացնել Սպիտակ տանը կամ էլ մեկնել Մար ա Լագո և այլևս հետ չգալ՝ բաց թողնելով Բայդենի երդմնակալությունը:
Ավելի վաղ Axios պորտալը տեղեկացրել էր, որ Թրամփը պլանավորում է հունվարի 20-ին Սպիտակ տնից հեռանալ ուղղաթիռով, այնուհետև Air Force One ինքնաթիռով մեկնել Ֆլորիդա և մասնակցել իր աջակիցների կազմակերպած հանրահավաքին՝ հայտարարելով 2024-ին նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։