Իրանցի օրենսդիրները հայտարարություն են ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի «անընդունելի և պառակտիչ» ակնարկները, որոնք նա հնչեցրել է Բաքվում բանաստեղծություն արտասանելիս:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, հայտարարության տակ ստորագրել են խորհրդարանի 214 պատգամավորներ: Վերջիններս դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «պառակտիչ ելույթը»՝ պահանջելով, որ նա հարգանք դրսևորի բարիդրացիական հարաբերությունների նկատմամբ և հանդես գա մահմեդականների միասնականության և տարածաշրջանային կայունության և խաղաղության օգտին:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Նման ձևով Էրդողանն ակնարկել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են: Իրանական կողմի ընկալմամբ՝ խոսքն Արաքսից հյուսիս ընկած՝ մայր Իրանի տարածքների բռնազավթման մասին է։