Սիրելի՛ քաղաքացիներ,
Ըստ Արցախից ստացվող տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը Արցախի Հադրութի շրջանի (ԼՂԻՄ) Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա է հարձակվել ու, ըստ որոշ աղբյուրների, գրավել դրանք՝ խախտելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Պուտինի կողմից 2020թ․ նոյեմբերի 09-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետը, որի համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ, իսկ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
Վերոնշյալ տարածքի գյուղերը մնացել էին հայկական վերահսկողության ներքո, ավելին՝ դրանք նախկին ԼՂԻՄ, այլ ոչ թե 7 շրջանների մաս են կազմում։
Այս պահին կարող ենք հստակ արձանագրել, որ այսօրվա հարձակմամբ՝ ստորագրված փաստաթղթի 1-ին կետը խախտվում է և, ըստ այդմ, կարող է խախտվել նաև հետագայում, ու կարող են խախտվել նաև այլ կետերը։
Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եթե այդպիսիք կան, այս առնչությամբ պետք է քայլեր ձեռնարկեն, կապվելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկելու համար եռակողմ հայտարարության կոպիտ խախտման փաստն ու մեր հետագա գործողությունները՝ ամբողջական հրադադարի հայտարարության այս և հետագա հնարավոր այլ խախտումների առկայության պայմաններում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4763143597090663
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել