Այսօր՝ երեկոյան, ԱԺ-ի դիմաց տեղի կունենա գերագույն գլխավոր հողատուի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը:
Խորհրդանշական կերպով կամ զուտ պատահական զուգադիպությամբ դա համընկնում է թավշյա քայլառաստների կողմից Հայաստանի օրենսդիր իշխանության բռնազավթման երկրորդ տարելիցին:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Հայաստանի ԱԺ-ի 7-րդ գումարման արտահերթ ընտրությունները: Արտահերթ ընտրությունների արդյունքում նախապես մշակված ծրագրով ձևավորվեց խորհրդարանական այնպիսի մեծամասնություն, որի օգնությամբ գործող իշխանություններին հաջողվեց բռնազավթել իշխանության մյուս ինստիտուտները և երկու տարի շարունակ ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը, ընդունել ցանկացած օրենք ու կայացնել ցանկացած որոշում, որը բնական կերպով հանգեցրեց միասնական հայրենիքի շուրջ 25 տոկոսի վաճառքին, շուրջ 5000 զոհերի, բազմահազար վիրավորների ու տասնյակհազարավոր անօթևանների և, ամենակարևորը, մի ամբողջ ժողովրդի արժանապատվության խաթարման:
ԱԺ-ի 7-րդ գումարման արտահերթ ընտրությունների արդյունքները հիմք ընդունելով՝ ժողովրդի 80 տոկոսի աջակցությունը վայելելու թեման թավշյա քայլառաստների ու նրանց ղեկավարող գերագույն գլխավոր ստախոսի կողմից ստեղծված ու ժամանակ առ ժամանակ շահարկված հերթական միֆն է:
Այսպես կոչված հեղափոխության էյֆորիայի ազդեցության ներքո տեղի ունեցած ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող 2,573,779 քաղաքացիների միայն 48.63 տոկոսը կամ 1,261,105 քաղաքացի: Իհարկե, ընտրություններին մասնակցողների 70.42 տոկոսն (884,864) իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինիքին, սակայն իրականության մեջ թավշյա իշխանություններին ընտրեց ու նրան վստահեց Հայաստանի ժողովրդի ընդամենը 34.37 տոկոսը: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին չմասնակցած հասարակության 52 տոկոսին, որի ձայներն իշխանությունները ցանկանում են բռնազավթել հօգուտ իրենց, նրանց կարելի է նույնքան իշխանությունների աջակիցը համարել, որքան ընդդիմության:
Փաստորեն, շուրջ երկու տարի Հայաստանի ժողովրդի ճակատագրի մասին նույն ժողովրդի անունը չարաշահելով որոշում է կայացրել ու այսօր էլ շարունակում է որոշում կայացնել քաղաքական մի ուժ, որը «հետհեղափոխական» էյֆորիայի ամենաթեժ պայմաններում նույնիսկ վայելել է ժողովրդի ընդամենը 34 տոկոսի վստահությունը:
ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ն ու հատկապես նրա իմքայլական պատգամավորներն այս պահին ունեն բացառիկ հնարավորություն՝ սրբագրելու իրենց թույլ տված կոպիտ սխալներից գոնե մեկը և, ենթարկվելով ժողովրդի «իրական» մեծամասնության պահանջին, վերցնելու քայլ, որը կարող է մասամբ վերականգնել մեր ժողովրդի խաթարված արժանապատվությունը:
Նման հնարավորություն նրանց միշտ չէ, որ տրվելու է: