Բոլորը հասկանում են, որ լեգիտիմ չէ: Բոլորը հասկանում են, որ պետական դավաճան է: Բոլորը հասկանում են, որ գերազանցել է սեփական լիազորությունները և միայնակ, գաղտնի` ընդունել երկիրը ոչնչացնող որոշում:Բոլորը գիտեն, որ գնալու է:
Այդ դեպքում ինչու՞ է մնում:
Որովհետև իրավապահ համակարգն ու բանակի ղեկավարությունն իր հետ հանցակից են իշխանությունը պահելու հարցում: Որովհետև նրանք դեռ սատարում են իրեն:
Ո՞րն է լուծումը:
Բանակն ու ոստիկանությունը կդադարեն հենարան լինելուց, երբ ժողովուրդը հավաքականորեն ոտքի կանգնի: Դեռ պնդում են առաջնորդի անհրաժեշտության մասին, ընդդիմության միասնական թեկնածուի մասին: Մյուս կողմից բնականաբար դեմ են նախկինների ընդդիմությանը:
Եվ մարդիկ չեն հասկանում, որ նման պայմաններում այլևս հստակ է. կա´մ դավաճանն է մնալու, կա´մ նոր փաթեթավորմամբ հներն են գալու:
Միասնական` բոլորի կողմից ընդունված առաջնորդ` մեթոդականորեն ոչնչացված քաղաքական դաշտում հիմա լինել չի կարող: Այն չկա: Եվ եթե լինեն հայտ ներկայացնողներ` շատ հեշտ է լինելու նրանց չեզոքացումն ու շարժման գլխատումը:
Արդյո՞ք դա նշանակում է, որ դավաճանը պետք է մնա: Ոչ: Հայոց պատմության մեջ նրանից վատթար կերպար չի եղել: Նրանից մեծ վնաս Հայաստանին անգամ Չինգիզ Խանը չի հասցրել: Չի եղել երբևէ: Եվ այլևս չի էլ լինելու:
Միայն մեկ ելք կա. հախուռն, ինքնակազմակերպվող ժողովրդական լայն զանգվածներով իսկական հեղափոխություն, որը նաև թույլ կտա նախկիններին զրկել վերադառնալու հնարավորությունից:
Պատահական չէ, որ սիստեմիկ, կազմակերպված սևացման և վարկաբեկման հատուկ արշավ է վարվում նախագահ Արմեն Սարգսյանի դեմ: Չնայած դրան` Սարգսյանն այսօր փաստացիորեն միակ լեգիտիմ ղեկավարն է, որ խելամիտ ճանապարհային քարտեզ է առաջարկում և կարող է ծառայել որպես անցումային շրջանի իշխանության երաշխավոր: Միայն անցումային: Միայն երաշխավոր: Մինչև նոր համակարգի հաստատում և նոր ընտրությունների անցկացում:
Ելքը սա է:
Վստահ եմ, որ մենք այլ ուղով կգնանք: Դա մեզ շատ հատուկ է. ընտրել վատթարագույններին և վատթարագույն ճանապարհը: Բարդացնել ամեն ինչ, գործել սեփական շահերին հակառակ և մշտապես համակերպվել յուրաքանչյուր կորստի հետ: Գտնել ամեն տեսակ արդարացումներ` հիմարությունները հիմնավորելու համար և հսկայական ինքնավստահությամբ` ինքնասպանությունների գնալ:
Սա մեզ համար ճակատագրական փորձություն է: Հոգեգարի իշխանության մնալը հղի է անդառնալի հետևանքներով: Մեկ անգամ անթույլատրելիի գիծն անցածն այլևս ոչ մի սահմանի առջև կանգ չի առնում:
Քանի դեռ նոր արհավիրքներ չի բերել իր թուրք-ադրբեջանական պատվիրատուների պահանջով` դավաճանը պետք է կանգնեցվի: