Ֆրանսիային սենատը ճանաչեց Արցախի անկախությունը։ Կարելի էր ընդամենը ողջունել ու վերջ։ Չէ՞ որ սա վերջնական ճանաչում չէ, այլ ընդամենը որոշում՝ դիմելու Ֆրանսիայի կառավարությանը, իսկ այն, որ դա չի ճանաչվի, պարզ է գործից փորքիշատե հասկանցող յուրաքանչյուրին։ Բայց, երբ դրան հետևեց ՀՀ ձախողված իշխանությունների անառողջ ու ճոռոմ արձագանքը, որ փորձեցին սա հաղթանակ որակել ու դիվիդենտներ ստանալ, թե իբր սրան նպաստել է ՀՀ և Ֆրանսիայի իշխանությունների մտերմությունը, այդ պարագայում սա արդեն դառնում է ոչ թե օգտակար, այլ վտանգավոր։
Փաշինյանը հայտարարեց, որ զինադադարի որոշումը միանձնյա է կայացրել, քանի որ ժամերի ընթացքում ադրբեջանական զորքը կգրավեր ողջ Արցախը, կունենայինք շուրջ 30․000 զինվորականի զոհ ու դրանից ոչ պակաս՝ խաղաղ բնակցության։ Այ դեպքում ինչո՞ւ ադրբեջանական բանակը չգնաց մինչև վերջ, Ալիևը խնայեց իր զինվորների՞ն, թե՞ մեր։ Ոչ, իհարկե, ուղղակի հարգեց ՌԴ միջնորդական առաքելությունն այն աստիճան, որ գերադասեց այդ կետում կանգնել ու ռուսական զորքը լինի Արցախում, քան որևէ միջազգային կոնտինգենտ։ Հիմա, եթե անգամ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունն ու դրան հետևեն այլ երկրների կողմից ճանաչումներ, ո՞ր քարտեզն է հիմք ընդունվելու՝ ԼՂԻՄ-ի՞, ԱՀ-ի՞, թե՞ առկա վիճակի։ ԱՀ-ն բացառվում է, քանի որ նրանում ներառված էին 7 շրջանները, քանի որ նախորդ պատերազմի արդյունքում անցել էին ՀՀ վերահսկողության տակ, իսկ այժմ, նոր պատերազմի արդյունքում անցել է Ադրբեջանին։ Առավելևս, որ Փաշինյանն ասում է, որ այդ տարածքերը մերը չեն ու դեռ նախորդ իշխանություններն են համաձայնվել դրանք վերադարձնել։ Այն, որ նախկինները համաձայնվել էին, դա ուժի մեջ չի մտել, իսկ այ, որ Փաշինյանն է համաձայնվել արդեն կյանքի է կոչվել, տարբերությունը շատ մեծ է։ Ու դրանից հետո ասել, թե Ադրբեջանը դա պետք է վերադարձնի, ուղղակի աբսուրդ է։ Այսօրվա փաստացի վիճակը արձանագրելն ու միջազգայնորեն ճանաչելը կնշանակի անդառնալի կորցնել Արցախը որպես մի ամբողություն, միասնական օրգանիզմ։ Էլ չեմ խոսում, որ 26 տարի մեզ չի հաջողվել պարտված Ադրբեջանին համոզել կամ պարտադրել ճանաչել Արցախի անկախությունը, ի՞նչը պետք է ստիպի անել դա հիմա, երբ հաղթել է ու գիտի, որ էլի կհաղթի, քանի որ խոսվում է, որ մենք այլևս ոչ մարտունակ բանակ ունենք, ոչ զինտեխնիկա։ Ու եթե ՀՀ-ն միանա Արցախի ճանաչման գործընթացին ու այդ ուղղությամբ քայլեր անի դրսի հետ, դա կդիտարկվի որպես եռակողմ պայմանավորվածության խախտում, երբ դրա գարանտ Վլադիմիր Պուտինը այն վաղօրոք որակել է որպես կատաստրոֆա, ինչի արդյունքում դա կհանգեցնի պատերազմի, ու կդառնա ՀՀ-ի ու Արցախի կործանման պատճառ։ Համարենք, որ որոշ երկրներ ճանաչում են ԼՂԻՄ-ի անկախությունն, ու քանի որ ժամանակին չկար Լաչինի միջանցքը, դրան որպես փոխհատուցում մենք էլ ադրբեջանցիներին տվել ենք միջանցք Սյունիքով, բայց այստեղ էլ կա անճշտություն։ Փաշինյանը խոսում է «Անջատում՝ հանուն փրկության» բանաձևի մասին, բայց կապիտուլյացիայի ակտով համաձայնվում ադրբեջանցի փախստականներին վերադարձին։ Հիմա անջատվելու ենք մինչև փախստականների վերադա՞րձը, որպեսզի փրկենք հայ բնակչությանը, թե՞ վերադարձից հետո ու փրկենք ադրբեջանցիներին Ալիևից։ Այստեղ էլ Փաշինյանի բացատրությունը համոզիչ չէ, թե մեր նախկին իշխանություններն էլ են համաձայնվել փախստականների վերադարձին, այո, համաձայնվել են, բայց Ղարաբաղյան հարցի վերջնական կարգավորման համատեքստում, այլ ոչ թե Արցախի կարգավիճակ չկա, բայց արդեն տարածքներն էլ ենք հանձնում, ադրբեջանցի փախստականների վերադարձին էլ ենք համաձայնվում, ու մեր խաղաղ գոյակցությունը կախված է մեր բարի քամքից, այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ մահաբեր զենքով իրար էինք կոտորում։ Մեկ էլ ռուս խաղաղապահների ջանքերից, որ կարողանան երաշխավորել հայերի ու ադրբեջանցիների կողք-կողքի ապրելու հանգամանքը։ Այսինքն, դուրս գալ ՌԴ-ի միջնորդությամբ պայմանավորվածությունից, բայց որևէ իրական մեխանիզմ չունենալ պաշտպանելու Արցախի հայ բնակչությանը, սա ի՞նչ է, եթե ոչ՝ գլխներիս կախված մահացու վտանգ։
Ուստի ՀՀ պաշտոնական տեսակետը պետք է լինի ակտիվ չեզոքություն պահպանելը։ Առավելևս, երբ չգիտես, թե արցախյան խաղաքարտը որ երկիրն ինչ շահերի է ծառայեցնելու ու ում դեմ որպես լծակ օգտագործելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել