Մեր ընկերը ճամփորդ դարձավ: Ամենաուրախ, ամենահետաքրքիր, կյանքով լի մեր Սարգիսը: Սա նրա վերջին լուսանկարն է, որն ինքն է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում: Այստեղ Լույսի հետ զրույցի է բռնվել, ինչ իմանանք՝ ինչ են խոսում: Գուցե անմահությա՞ն մասին...

Պարզվում է՝ հերոսները հենց այսպիսին են լինում՝ համեստ, խոնարհ, պարզ, օգնության շտապող: Հերոսներ, որոնք ապրում են մեր մեջ, բայց իրենց աշխարհում:

Դեռ դպրոցում ուսուցչուհին բողոքում էր՝ Սարգիսը, թեև վաղ էր գալիս, սակայն այնքան էր պահում դպրոցի դուռը, մինչև բոլորն անցնեն, և ամենաշուտը գալով հանդերձ՝ դասից ուշանում էր: Ուսուցչուհին հետո էր իմանալու՝ բոլորին օգնության հասնող իր սանը Հայրենիքը պաշտպանելուց չէր ուշանալու:

Ընկերներն իրեն շատ էին սիրում: Բանկի աշխատասենյակում սկսված մտերմությունը սկիզբ էր դրել մի մեծ, հարազատ ընտանիքի, որտեղ հոգսերն ընդհանուր էին, ուրախությունը՝ նույնպես: Միասին էին թե΄ աշխատանքային, թե՛ հանգստյան օրերին: Առիթների դեպքում հայրենիքի կենացը լուռ էր խմում, պաթոսը, ճառերն ու գլուխ գովելն իրենը չէին: Ընկերներին էլ վարակել էր հայրենի չքնաղ բնության սիրով՝ մաքուր օդ, վրաններ, արևածագ…

Սիրտը պատեպատ էր խփում․ իր տեղը լեռներում էր, բարձունքներին, արծիվների մոտ: Արշավներն ինչ-որ տեղ լրացնում էին այդ բացը, բայց քաղաքի աղմուկի մեջ միշտ լսելի էր լեռների կանչը:

Ու լեռների խաղաղ օրերի կանչը թշնամու նենգ հարձակումից հետո դարձավ կոչ, դարձավ ահազանգ, դարձավ արծվի թռիչք:

Պատերազմի լուրն իմանալուց հետո, աշխատանքից վերադառնալով, անընդհատ ետուառաջ էր քայլել՝ ինքն իր հետ խոսելով. «Լավ, այս պատերազմը մի օր պետք է վերջ ունենա՞, թե՞ չէ»: Շոյել էր քրոջ տղայի գլուխը, հետո ասել. «Հո Գագիկին չե՞նք թողնելու, պետք է վերջացնենք: Ես էլ եմ գնալու»:

Այդ պահին խոսքերին ուշադրություն չէին դարձրել:

Եվ երբ հաջորդ օրը եկել էր ծանուցումը, նույնիսկ կարգին հրաժեշտ էլ չէր տվել հարազատներին: Քույրն ասում է՝ ծանուցումը բերած տղամարդը դեռ մեր տանն էր, երբ ինքն արդեն հասել էր ներկայանալու վայր: Մայրը մորմոքվում է՝ գոնե հաց ուտեր…

Հայրենիքի պաշտպանությանը ծոմ վիճակում էր մեկնել: Այնպես, ինչպես ուխտի են գնում:

Արդեն առաջնագիծ գնացող ավտոբուսից զանգել էր: Տղերքը «Գետաշենն» էին երգում: Ասել էր՝ մի անհանգստացեք, հո մենակ ես չեմ, ինձ նման հազարավոր տղերք կան: Երգը շարունակվում էր․ «Արծիվների բույն ես, ըմբոստ Գետաշե՛ն»: Արփինեն՝ քույրը, հասցրել էր միայն մեկ բան ասել. «Սաք ջան, խնդրում եմ..»:
Առաջնագիծ մեկնող տղաների երգը լսելով՝ ամաչել է ասել, թե ինչ է խնդրում: Քրոջ խնդրանքը չկատարեց:
Հետո պիտի իմանային, որ երգող տղաներից շատերն իրենք էին երգ դառնալու:

Զոհվելու օրը մայրական սիրտը հատկապես անհանգիստ էր: Քույրն էլ խաղաղությունը կորցրել էր: Գիշերը չէր լուսանում, մտովի սարերում զենքը գրկած՝ իրենց զինվորի հետ էին: Բոլորին թվում էր, թե գիշերն անվերջ է:
Սակայն գիշերն անվերջ չէր: Արևի առաջին շողերը կարմիր էին, հերոսների մարմինները գրկած լեռները՝ նույնպես:
Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել:

Լուսաբացին իր վերջին լուսանկարի Լուսե աշխարհից իջել էին հերոսի հետևից եկած արծիվները: Հիմա ճամփա ուներ արծիվների հետ գնալու: Ինքը պետք է երկնքում միանար հայոց հաղթական գնդերին՝ արդեն վերևից մղելով անտեսանելի պատերազմը:

Ձեռքս դողում է, չեմ համարձակվում զանգել Սարգիսի հարազատներին: Սակայն քանի օրհասական կռիվը շարունակվում է, նրանք մեզնից ձիգ են, մեզնից կանգուն, աղոթում են առաջնագծում կանգնած զինվորների համար: «Աստված իմ, էդ 18 տարեկանները գան, հասնեն իրենց մայրերին, իմ տղան գոնե նրանցից մի քանի տարի շատ ապրեց»: Սրանք որդեկորույս մոր խոսքերն են: Հենց այսպիսին են լինում հերոսների ընտանիքները, և հենց այսպիսի ընտանիքներում են ծնվում Սարգիսի, Ալբերտի, Թաթուլի պես տղերքը:

Հարազատներն ասում են՝ երբ պատերազմը բոլորի համար վերջանա, մեզ համար նոր է սկսվելու: Պատերազմով լցված կյանք, որտեղ Սարգիսը մեզ հետ չէ:

Մեր թանկ ընկեր, դու քո կռիվը կիսատ չթողեցիր: Հերթը մերն է: Մենք պետք է այնպես անենք, որ կռիվը քրոջդ որդուն՝ Գագիկին ու մյուս երեխեքին չմնա:

Պիտի շարունակենք հավերժի մեր երթը: Եվ այդ ճանապարհին մեր նահատակների, հայոց երկնակամարում խավարած ամեն աստղի, մարած հույսերի դիմաց մեզ հատուցվելու է բյուրապատիկը:

Հանգչիր Լույսի մեջ, մեր լավ ընկեր:

Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակից Սարգիս Սարիբեկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել