Armenpress.am-ը գրում է․

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վերջին մեկ շաբաթվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտվում է վարակի թվերի դանդաղ տեմպերով նվազում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ եթե պատերազմի ժամանակահատվածում օրական գրանցվում էր 2 հազարից ավելի նոր դեպք, ապա վերջին օրերին թվերը կիսով չափ նվազել են: Արդեն օրական գրանցվում է 1300-1400 նոր դեպք:

«Համաճարակաբանական օրինաչափությունն ասում է, որ մենք դանդաղ նվազում ունենք, ինչպես առաջին ալիքի դեպքում էր: Դա ամենևին չի նշանակում, որ դա իսպառ կվերանա: Դանդաղ նվազման միտումը կդիտվի, որից հետո հնարավոր է մենք նորից բարձրացում ունենանք»,-ասաց Գայանե Սահակյանը:

Արդյո՞ք այսօր Հայաստանի պարագայում կարող ենք կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին խոսել. հարցին ի պատասխան, Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանի դեպքում հասարակության մեծ թվով հատվածի վարակման մասին խոսելը փոքր-ինչ հարաբերական է: Վերջին տվյալներով` մոտ 127 հազար վարակվածության դեպք կա արձանագրված, եթե դրան էլ գումարենք անախտանիշ դեպքերը, ապա ըստ Գայանե Սահակյանի, դա ստվար զանգված չի կազմում: Ըստ նրա՝ կոլեկտիվ իմունտիտետի մասին եթե խոսենք, ապա առնվազն բնակչության 70-80 տոկոսը պետք է վարակված լինի:

Որքանո՞վ է մեծ կրկնակի վարակվածության ռիսկը: Գայանե Սահակյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի 5-6 կրկնակի վարակվածության նկարագրված դեպք:

«Ամեն դեպքում այս պահի դրությամբ չկա ստանդարտ բնորոշում, թե որն է կրկնակի վարակը, որ, ըստ այդմ, առաջնորդվենք և հասկանանք, թե արդյոք մենք գործ ունենք կրկնավարկի, թե վատ բուժված և հետագայում շարունակվող գործընթացի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի այդ հստակ բնորոշումը: Ինչ վերաբերում է հակամարմինների ազդեցության ժամանակահատվածին, ապա այստեղ էլ հստակեցում չկա: Կոնկրետ չեմ կարող ասել, թե հիվանդանալուց որքան ժամանակ հետո անձի իմունիտետը բարձրագույն գագաթնակետին կլինի: Բոլոր դեպքերում ապաքինվելուց հետո առաջիկա մեկ կամ մեկ ու կես ամսվա ընթացքում հակամարմինների տոկոսը լինում է ցածր, որից հետո բարձրանում է: Թեպետ որոշ ժամանակ անց նորից դիտվում է նվազում»,-ասաց նա:

Մասնագետն ընդգծում է, որ դեռ չվարակված և արդեն վարակված ու ապաքինված քաղաքացիների վարքագիծը պետք է մնա նույնը: Անհրաժեշտ է շարունակել պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Այն է՝ ախտահանել ձեռքերն ու շրջակա տարածքի առարկաների մակերեսները, պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակ: Քանի դեռ վիրուսը, հիվանդությունը վերջնական ուսումնասիրված չէ, պետք է շարունակել պահպանել այդ կանոնները:

Գայանե Սահակյանի խոսքով, այս պահին ուշադրությունը հիմնականում կորոնավիրուսն է, սակայն մեկնարկել է նաև սեզոնային գրիպի, սուր շնչառական վիրուսային հիվանդությունների հսկողության համակարգը: Վերջին տվյալների համաձայն` սեզոնային գրիպի համատարած շրջանառություն դեռ չկա, թեպետ սպասվում է Ա և Բ տեսակի շրջանառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել