Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին ու այլ ակցիաներին զուգընթաց նախաձեռնվեց փողոցները փակելու ակցիաներ, ու դրա մեջ կա տրամաբանություն։ Միայն չպետք է բավարարվել նրանով, որ գան Ազատության հրապարակ, ելույթներ լսեն ու վերադառնան տուն, առանց գործնական քայլեր տեսնելու կամ դրանց իրենց մասնակցությունը բերելու։ Իհարկե շատերը անմիջական արդյունք են ցանկանում տեսնել ու եթե դա չի երևում հիասթափվում են, բայց սա այդ դեպքը չէ՝ հայրենիքի մի մասը կորցրել ենք ու վտանգված է ողջ հայրենիքի գոյությունը։ Կապիտուլյացիայի ակտից ստացած հարվածից հասարակության լայն շերտեր դեռ շոկի մեջ են, մարդկանց ապրելը չի գալիս, ուր մնաց իրենց մեջ ուժ գտնեն ու անցնեն պայքարի։ Այդ իսկ պատճառով աստիճանաբար են միանում Ազատության հրապարակում ու այլ վայերում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բայց շուտով կհասնենք մի կրիտիկական կետի, որ գետի պես փողոց էլ կլցվեն, փողոց էլ կփակեն ու Փաշինյանին անգամ ճողոպրելու միջանցք չեն թողնի։ Հասարակության մի մասն ասում է՝ թող վարչապետը գնա, ով ուզում է գա, մի մասն էլ ուզում է տեսնել հաջորդին՝ որքանով է արժանի, նոր միայն դուրս գա փողոց ու պահանջի Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիր ուժերի առաջնորդներն էլ մեզ նմամ մարդիկ են ու նրանք էլ են հազիվ այս շոկը հաղթահարում, ուստի այս վիճակից դուրս գալով դուրս կբերեն նաև հանրությանը, կներկայացնեն այն «ոսկե միջինը», որ համ Փաշինյանը հեռանա, համ էլ նրան ու նրա թիմին փոխարինող արժանի թիմ ի հայտ կգա, թեկուզ սկզբնական շրջանում ժամանակավոր կառավարության տեսքով։ Նրանք, ովքեր կարծում են, թե փողոց փակելու տարբերակը հաջողություն արձանագրել է 2018-ին, ու այժմ էլ դա հաջողություն կբերի, ու նրանք, ովքեր համարում են, թե Փաշինյանն իր կիրառած պրիոմները կարող է հաջողությամբ չեզոքացնել, երկու տեսակետների մեջ էլ ռացիոնալ հատիկ կա։ Բայց իրականությունն այն է, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկածներից հիասթափվելուց հետո հասարակությունը հազիվ, թե ջանասիրաբար աջակցի փողոց փակելով նրան տապալողներին, քանի որ հիասթափվելով Փաշինյանից, հիասթափվելու է նաև հեղափոխություն գաղափարից առհասարակ։ Բացատրելով այդ, թե մի անգամ արեցինք, ի՞նչ հասկացանք, որ երկրորդ անգամ նույն ճանապարհով իշխանություն ձևավորենք։ Այսինքն, սա կարելի է ուղղակի համարել Փաշինյանին ապտակ, որ քո դեմ կարող են վարվել հենց քո մեթոդներով, բումերանգի «փիս խասյաթը» հանրամատչելի ներկայացնելով։ Իսկ իրականում ճանապարհ փակելով իշխանության եկան պատահական մարդիկ, որոնք մեզ համար աշխարհի հետ արդյունավետ շփվելու համար ճանապարհ բացելու ունակ չէին, ու այնպիսի որակներ էլ չունեին, որ գոնե ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով դա կարողանային անել։ Իսկ Փաշինյանի դեմ այսօրվա պայաքարողները ընդդիմադիր դաշտի տարբեր ժամանակների փորձառու գործիչներ են, որոնք կյանքի մի հատվածում էլ իշխանություն են եղել ու լավ են հասկանում, թե ինչ կարգի խոստումներ կարելի է տալ, որ հետո հնարավոր լինի կատարել այն։ Հաջողակ չինովնիկն ուղղակի չի կարող պոպուլիստ լինել, քանի որ նա գիտի, որ իր ասածի համար պատասխան է տալու, ու նրա հաջողության գրավականն էլ բարձր պրոֆեսիոնալիզմից զատ նաև բարձր պատասխանատվությունն է՝ իր անձի, կատարած գործի ու երկրի հանդեպ։ Այսինքն այս ակցիաները միայն ձևով են իրար նման, բովանդակային առումով միանգամայն տարբեր պետք է լինեն ու եթե չլինեն՝ հանրային բավարար աջակցություն չեն ստանա, սա առայժմ կազմակերպված ակցիաներ են, որոնք պետք է հանգեցնեն հանրային լայն աջակցության։
Ու եթե Փաշինյանն իր թիմի ներսում փոփոխություն անելով ուզում է շեղել հանրության ուշադրությունը, թե տեսեք՝ թիմը թարմացնում է, որ նոր իրավիճակի համար նոր թիմով հանդես գա։ Նախ, այդ մարդիկ նոր չեն Փաշինյանի թիմում, նրանք արդեն ներգրավված էին վարչապետի ծրագրերում՝ այլ կարգավիճակներով։ Եվ երկրորդ․ չի կարել ասել, թե այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ես եմ, հետո թիվ 10-րդ պատասխանատուից սկսած ում ուզենալ գործից հանել։ Չտեսանք, թե ազատվողների մեղքը որն էր, գուցե պետք է քրեական գործեր հարուցվեն, լուրջ քննություն գնա, և երկրորդ․ այդ դեպքում թիվ մեկ պատասխանատուն ինչո՞վ է պատասխան տալու, մի թիմացիներին մյուսներով փոխելո՞վ։ Շատ չի՞ դաժան այդ պատասխանատվությունը Փաշինյանի համար, կդիմանա՞ խեղճի առողջությունը նման հարվածին։
Փաշինանը պետք է ժամ առաջ հեռանա, ու ոչ մի կիսամիջոց չի կարող արդարացնել նրա տխրահռչակ պաշտոնավարումը։