Կարծում եմ`այլեւս կասկած չկա, որ պատերազմում պարտության կարեւոր պատճառներից մեկը Արծրունի ապատեղեկատվությունն էր։ Բայց Արծրունը մենակ չէր, ՊՆ ներկայացուցիչ «հրետանուն» թիկունքից սատարում էր «հետեւակը», որը «Մերոնք հետ են բերել Ջաբրայիլի բոլոր դիրքերը», «Բունկերում ողջ են գտել 100 հայ զինվորի» տիպի ապատեղեկատվություն էր տարածում սոցիական ցանցերում։
Թիկունքի այդ հետեւակի անունը Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ է: «Պարսիկների բանակը ցնցեց հայությանը. ազերիներին մսաղաց գցեցին», «Պուտինի նվերը ցնցեց հայությանը. ազերիները խուճապահար փախան Ղարաբաղից», «Ալիևի տան ստրուկը դիմում է ողջ հայությունը. ողջ աշխարհը սարսափած է»․ այսպիսի վերնագրերով «շեդեւր» ֆիլմերը նույնպես այդ ՊՈԱԿ-ի արտադրանքն են։
Համաձայն մամուլի հրապարակումների`պատերազմի իրական էությունը պարտակելու առաքելություն ունեցող ՊՈԱԿ-ի գործունեության համար կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 733 միլիոն 555 հազար դրամ, այսինքն՝ ավելի քան մեկուկես միլիոն դոլար, եւ ֆինանսավորումը եղել է անխափան անգամ պատերազմի ամենածանր օրերին։
Իսկ որտեղի՞ց այդքան փող կառավարությանը, որ պատերազմի էությունը աղավաղող եւ կապիտուլյացիայի սառը ցնցուղն անխուսափելի դարձնող ապատեղեկատվությունը ֆինանսավորում էր այն դեպքում, երբ միջոցներ չի գտնում տասնյակհազարավոր փախստականների ամենտարրական հարցերը լուծելու համար։ Համաձայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաղորդման` կառավարությունը, «կոնսոլիդացիա, ծախսային նախապատվություններ, ենթակառուցվածքներ» մոգական բառերն ասելով, միջոցները վերցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից։
103 տարեկան Քնարիկ տատիկն իր ողջ կյանքի խնայողությունները՝ 1 միլիոն դոլար, հատկացրել էր «Հայաստան» հիմնադրամին․ այս մասին գրել է «Հայկական ժամանակը»։ Իմ ծանոթ Անին՝ Բըրբանքից, մզել էր իր կրեդիտ քարտերը, հավաքել էր 5200 դոլար եւ նվիրել էր մեր հաղթանակի համար։ Հիմա նա մի քանի ամիս չոր հացով է յոլա գնալու, որ փակի քարտի պարտքերը։ Իմ ծանոթ Գեւորգը՝ Գրանադա Հիլզից, շուրջ 10 տարի տան կանխավճարի համար հավաքած 50 հազար դոլարը «Հայաստան» հիմնադրամի միջոցով նվիրել էր հայ զինվորի կարիքների համար, հիմա Գեւորգը երեւի ողջ կյանքում վարձով կապրի։
Այս մարդիկ ու էլի բազմաթիվ ամերիկահայեր հաճախ իրենց վերջին դոլարներն են նվիրել «Հայաստան» հիմնադրամին՝ ենթադրելով, որ իրենց լուման են ներդնում մեր հաղթանակի գործին, նրանք էլ որպես «դիրքեր» են համարել իրենց գրասենյակը, ավտոնորոգման իրենց գարաժը եւ փորձել են իրենց «փայով» ապահովել հաղթանակը։
Հիմա պարզվում է, որ այդ գումարներն առանց որեւէ հիմնավորման, բազմաթիվ օրենքներ խախտելով, մտել են բյուջե, որտեղից վճարվում է կեղծ տեղեկատվությունը, որը նպաստեց մեր խայտառակ պարտությանը։ Այսինքն`իմ ամերիկահայ բարեկամները ենթադրել են, թե հաղթանակն են ֆինանսավորում, իրականում իրենք ֆինասավորել են պարտությունը։
Խորապես ցավում եմ իմ ընկերների համար, առանց այդ էլ նրանք հոգեպես ջարդված են, իսկ նմանատիպ բացահայտումները կրկնակի-եռակի են ջարդում։