Armenian military portal տելեգրամյան ալիքը հրապարակել է մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից զենքի և սպառազինության առքուվաճառքին։ Telegram ալիքը ՀՀ պաշտպանական գերատեսչությանը մեղադրել է Սիրիայում թուրքամետ ահաբեկչական խմբավորումներին զենք վաճառելու մեջ։

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա «զինակից ընկերները»՝ ՊՆ փոխնախարար Մակար Համբարյանն ու նախարարի վաղեմի ընկեր, որոշ շրջանակներում քաջ հայտնի զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) զբաղվել են զենքի վաճառքով դեպի Թուրքիա՝ Սիրիայում թուրքամետ ահաբեկիչների համար»,-նշված է տելեգրամ ալիքի հրապարակման մեջ։

Ըստ տելեգրամ ալիքի՝ Դավիթ Գալստյանի մուտքն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Հատկանշական է, որ Armenian military portal տելեգրամ ալիքի հրապարակմանն իր յութուբյան հաղորդման ժամանակ անդրադարձել է ռուսաստանցի հայտնի հաղորդավար և բլոգեր Վլադիմիր Սոլովյավը։

Նրա հետ զրույցում ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը նշել է, թե 2018թ-ից սկսված Հայաստանը ձեռք է բերել բավարար քանակությամբ զենք ու սպառազինություն, սակայն միաժամանակ «որոշակի գործողություններ է վարել» Թուրքիայի հետ, նրա տարածքով զենք է մատակարարվել Սիրիայի գրոհայիններին։

«Այնտեղ նրանք փող էին աշխատում, իսկ Լեռնային Ղարաբաղում, որտեղ զգացվում էր այդ ամենի կարիքը, ոչինչ չէր արվում»,- նշել է Լեոնկովը։

Վլադիմիր Սոլովյովի կարծիքով՝ հրապարակված փաստաթղթերի իսկությունը դեռևս կարիք ունի ստուգման և տեղեկատվությունը կարիք ունի հաստատման, սակայն եթե պարզվի, որ տեղեկությունները ճիշտ են, ապա «դա հանցագործություն է, որը պետք է պատժվի ցմահ ազատազրկմամբ»։

Նշենք, որ հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ ՀՀ պաշտոնական աղբյուրների կողմից որևէ մեկնաբանություն չի հնչել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել