Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 13-ի լուրերի թողարկումներում անդրադարձ չի եղել մի շարք թեմաների, մասնավորապես, պատգամավոր Վարդան Աթաբեկյանի «Իմ քայլը» խմբակացությունից դուրս գալու որոշմանն ու իր տան մոտ տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին գրառում է կատարվել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Պատգամավորը հայտնել է, որ 5 մեքենայով տասնյակից ավելի մարդիկ գնացել են իր տան մոտ, ականատեսները ճանաչել են Հակոբ Սիմիդյանին ու Հայկ Սարգսյանին։ Ինքը տանը չի եղել, եղբայրն է խոսել, որից հետո հեռացել են։ Վարդան Աթաբեկյանը պատրաստվում է հրապարակել նոյեմբերի 12-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը։
Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադարձել նաև Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որն անթույլատրելի էր համարել Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին նոյեմբերի 13-ին ցուցադրված տեսանյութը, այն պարունակում էր հայհոյանք ու ատելություն։ Արման Թաթոյանի խոսքով՝ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով հրահրվում է ներքին թշնամանք։ Ավելի ուշ, վարչապետի մամուլի խոսնակը հայտնեց, որ Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանն ապամոնտաժվում է։ Երևանի քաղաքապետարանն էլ տեղեկացրեց, որ վարչապետի ուղերձին հաջորդած զինվորականի տեսանյութը սխալմունքի հետևանքով է հայտնվել էկրանին։ Հանրայինը գլխավոր թողարկմանը չի ցուցադրել նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութը, որը բազում քննադատությունների արժանացավ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ հանրային հնչեղություն ստացած այս բոլոր իրադարձությունները լրատվամիջոցների մեծամասնության կողմից ներկայացվել են, բացի Ազատություն ռադիոկայանից ու հանրային միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունից:
Փաստացի, իրադարձությունները ներկայացվում են միակողմանի և ոչ ամբողջական։ Ակնհայտ է, որ նպատակն է մեղմել վարչապետի նկատմամբ անվստահության մեծ ալիքը։ Այդ պատճառով Հանրայինը շատ զգույշ է ընտրում՝ ինչը ներկայացնել, ինչը՝ ոչ։ Կրկին հիշեցնում ենք, որ Հանրայինը պարտավոր է սպասարկել հանրության շահերը, ոչ իշխանությունների»։