Խնդրում եմ կարդալ, մտածել եւ տարածել։
Համաձայն եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը որոշակի իրավունքներ է ձեռք բերում Սյունիքի մարզի նկատմամբ:
Այսպես՝ Հայաստանի Հանրապետությունը․
1) Երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար,
2) Հայաստանը նաև պարտավորություն է ստանձնում Ադրբեջանի հետ միասին ապահովելու Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
Այսինքն՝ Հայաստանը պետք է ապահովի և մասնակցի Սյունիքի մարզով անցնող նոր ավտոճանապարհի կառուցմանը։
Ակնհայտ են եւ հնարավոր չէ ամբողջությամբ նկարագրել այս ամենի արդյունքում առաջացող վտանգավոր ռիսկերը ու Սյունիքին եւ Հայաստանին սպառնացող վտանգները։
Հայտարարության վերոնշյալ մասն առերևույթ պարտավորություններ է առաջացնում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ, և, հետևաբար, իր բնույթով ոչ թե հայտարարություն է, այլ քաղաքական և ռազմական բնույթ ունեցող ունեցող միջազգային պայմանագիր, որը պետք է անցներ համապատասխան ընթացակարգ՝ Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունն ստանար և վավերացվեր Ազգային ժողովի կողմից։
Հակառակ պարագայում այն առոչինչ դրույթ է։
Եվս մեկ նկատառում. եթե քաղաքական իշխանությունները պնդում են, որ նշված դրույթի նախատեսումն անհրաժեշտ է եղել զինադադարի, իսկ իրականում՝ կապիտուլացիայի հասնելու համար, և «առկա չի եղել այն կանխելու որևէ տարբերակ», ապա առնվազն նմանատիպ հայելային պարտավորություն պետք է դրվեր Ադրբեջանի համար՝ սահմանելով վերջինիս պարտավորությունն ապահովել Ադրբեջանի տարածքով Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր տրաստպորտային ուղու կառուցումը, և դրա երկկողմանի անվտանգությունը քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։
Իսկ հայտարարության մեջ նման դրույթը բացակայում է, ինչը հայկական դիվանագիտության հերթական պարտության վառ օրինակ է։
Պետք է ելքեր փնտրել եւ պահանջատեր լինել մեր սուվերենությանը։
Եւ փառք մեր հայոց բանակին եւ նահատակված հերոսներին։
Չհամարձակվեք մեղավոր նշանակել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել