ՀՀ ժուռնալիստների միության նախագահ, 168-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի կոչ-գրառումը՝ ուղղված ոստիկանությանը, մտահոգիչ փաստեր էր պարունակում։ Մասնավորապես՝ պարզվում է՝ «արգելված մտքերի» օրենքը ոստիկանությունը որոշել է կիրառել գիշերվա կեսին՝ այցելելով Սաթիկի տուն։ Չէի՞ք կարող առավոտյան անել։ Անգամ քննչական գործողություններն է արգելված կատարել գիշերը՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի։

Ի դեպ, բուն «արգելված մտքերի» օրենքն էլ է, մեղմ ասած, վիճահարույց՝ հաշվի առնելով սահմանադրական դատարանին ուղղված ՀՀ ՄԻՊ-ի դիմումը։

Ի՞նչ եմ առաջարկում։ Քանի դեռ ՍԴ-ն որոշում չի կայացրել, առաջարկում եմ ձևավորել տարբեր հայացքներ ունեցող մարդկանցից կազմված հանձնաժողով (աշխատանքային խումբ, անունը ինչ ուզում եք, դրեք)` ֆորմալ կամ ոչ ֆորմալ, որը մինչև վարույթ հարուցելու, մարդկանց անհանգստացնելու ու տուգանելու որոշում կայացնելը կքննարկի կոնկրետ հրապարակումը-գրառումը-մեկնաբանությունը, և եթե իրոք հանրային վտանգավորություն ունենա, կնպաստի դրա շտապ հեռացմանը, իսկ եթե չունենա, չունենա։

Պատրաստ եմ ինքս էլ մասնակցել այդպիսի ձևաչափի։

Պատերազմն օր օրի ավելի ծանր է դառնում։ Բոլորս ենք տեսնում։ Պետք է քայլեր ձեռնարկվեն օր օրի կուտակվող լարվածությունը նվազեցնելու, այլ ոչ թե թաքցնելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել