Սկզբում ինձ մոտ իհարկե կասկածներ կային, որ ռուսական լրատվամիջոցների կողմից սանձարձակած հիստերիան պատահական չէր, ու ասեմ ավելին, ինչ-որ ավելի մեծ ու խորքային պրոցեսների համատեքստում էր:
Հիմա, հետևելով ռուսական լրատվամիջոցներին, համոզվում եմ, որ ինձ մոտ անհիմն կասկածներ չէին: Ասեմ ավելին, վստահ եմ, որ այս առայժմ ընդհատակյա ու քողարկված գործընթացները բնավ էլ ուղղված չեն միայն Հայաստանի դեմ, իսկ Հրաչյա Հարությունյանի պարագայում բարձրացրած աղմուկը պետք է դիտարկել որպես մի հատ մեծ պլանի առանձին մասնիկ:
Եկեք հասկանանք, թե կոնկրետ որտեղից է սկիզբ առնում այդ պրոցեսն ու ինչ ուղղվածություն ունի:
Իմ համեստ կարծիքով, առաջին հայացքից կենցաղային կամ զուտ ազգամիջյան խնդիրների արձագանք թվացող այս զարգացումներն իրականում մեծ աշխարհաքաղաքական խաղի համատեքստում է պետք դիտարկել: Այն է՝ պուտինյան Ռուսաստանը հաստատ որոշել է կերտել Եվրասիական Միություն կոչվող առայժմ անհասկանալի ու հեղհեղուկ կառույցը, և դրա առաջին քայլը նախկին խորհրդային ռեսպուբլիկաներին ճիպոտով ու կոնֆետով Մաքսային Միություն մտցնելն է:
Հասկանալի է, որ Ռուսաստանի նման առաջխաղացմանը հակադրվող աշխարհաքաղաքական բազմաթիվ ուժեր ու կենտրոններ կան, ու եթե կոնկրետ մեր տարածաշրջանում այդ պրոցեսների դեմը փորձում են առնել ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, ապա Միջին Ասիայում արդեն գործ ունենք ԱՄՆ-ի ու արմատական իսլամի, Չինաստանի ու Պակիստանի և այլ ուժերի դերակատարության հետ:
Ինչևիցե, վերադառնանք գործընթացի սկզբին: Եթե հիշում եք, դեռ մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ մինչև 2015 թվականը ով չմտնի Մաքսային Միություն, ստիպված կլինի Ռուսաստան մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրերով՝ հետագայում նաև վիզային ռեժիմի անցնելու հավանական որոշման մասին իրազեկելով:
Այնուհետև առաջին հարվածը հասցվեց Միջին Ասիայից ու հատկապես Տաջիկիստանից Ռուսաստան խոպանչիներ տեղափոխող երկաթուղային տրանսպորտի լայնամասշտաբ «շմոների» պրակտիկային: Արդյունքում, մի վագոն թմրանյութ հայտնաբերեցին, երկու վագոն մարդ դեպորտ արեցին:
Այսպիսի միջադեպեր պատահում էին պարբերաբար, պարզապես մեր ուշադրությանը չէին արժանանում, քանի որ հայերին առանձնապես ձեռք չէին տալիս... Մինչև Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգությունը:
Սակայն սրանով էլ դեպքերը չդադարեցին զարգանալ: Արդեն մի քանի օր անց նույն ռուսական լրատվամիջոցները ցուցադրեցին տեսանյութ, որ կրկին հայազգի ինչ-որ վարորդ, կրկին կամազով, բախվել էր տրամվայի:
Դրանից էլ երկու օր անց լայնորեն լուսաբանվեց մոսկովյան շուկաներում անցկացված ռեյդը, երբ մանկապիղծին ձերբակալելու համար շուկա այցելած ոստիկաններից մեկի վրա էին հարձակվել մանկապիղծի կովկասցի հարազատները (չէր շեշտվում ազգությունը, բայց շեշտվոմ էր անունը՝ Մուհամեդ): Արդյունքում, հիմա քննարկվում է մոսկովյան շուկաները ամբողջովին արտասահմանցի խմբավորումների ազդեցությունից ազատելու մասին, իսկ դա նշանակում է, որ էլի թիրախում են հայտնվելու Միջին Ասիայի ու Անդրկովկասի հանրապետությունների աշխատանքային միգրանտներն ու նրանց հովանավորող ազգային կառույցները:
Արդյունքում, հիմա ռուսական հանրության մեջ արդեն ձևավորվել է ինֆորմացիոն ֆոն, որը տրամադրում է ՌԴ քաղաքացիներին ու հատկապես ռուսներին՝ ընդդեմ աշխատանքային միգրանտների, բայց դա արվում է շատ զգույշ ու մեղմ, որ շատ չզռռա:
Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև այն հանգամանքը, որ որքան էլ մեր տնական արևմտամետները պնդեն, որ Ռուսաստանը շատ նորմալ է վերաբերվում ԵՄ-ի հետ ասոցացման և Խորը Համապարփակ Առևտրի Գոտի ստեղծելու մասին համաձայնագրի նախաստորագրման փաստին, դա իհարկե այդպես չէ, եզրակացնում եմ, որ աշնանը՝ նախաստորագրմանն ընդառաջ Հայաստանի դեմ կկիրառվեն էլ ավելի խիստ միջոցներ և ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի, Մոլդավայի և այն բոլոր ԱՊՀ անդամների դեմ, ովքեր կհամառեն իրենց աշխարհաքաղաքական վեկտորի արևմտամետ ուղղվածությունից հրաժարվելու հարցում:
Կարծում եմ, որ չի կարելի բացառել նաև ապօրինի կարգավիճակում գտնվող մեր քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հնարավորությունը և դա միայն սկզբի համար:
Այնպես որ, չզարմանաք, եթե մեզ համար «անսպասելի» Ռուսաստանը կատաղի, իսկ Եվրոպան էլ ավելի բարիանա: Կրկնում եմ, սա միայն Հայաստանի հետ կապված զարգացում չէ, և միայն Հայաստանը չի հայտնվելու թիրախում, բայց դրանից մեր շարքային քաղաքացու վիճակը ավելի լավ չի լինելու, առավել ևս, եթե դեպորտվածների թվում լինեն նրա ապրուստի միջոցները ստեղծող Ռուսաստանում ոչ լեգալ աշխատող հարազատները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել