Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերը հանձնեց Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մոնակոյի Իշխան Ալբեր Երկրորդը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-մոնեգասկյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։
Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ նոր պարտականությունները ստանձնում է երկկողմ միջպետական երկխոսությունն առավել խորացնելու ու հետագա ընդլայնման ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամությամբ։

Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։

Նշելով, որ մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Իշխանը հույս հայտնեց, որ խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի:

Ալբեր Երկրորդը ջերմությամբ հիշեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կատարած իր այցը և իր ջերմ ողջույնները խնդրեց փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել