Yerkir.am-ը գրում է․
Հայ ժողովրդի համար օրհասական այս օրերին յուրաքանչյուր զինվորի կորուստ անասելի ցավ է:
Այսօր էլ անպարտների անմահ երամին միացավ Վահե Աղաբաբյանը:
Ծնունդով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղից էր Վահեն, լեռնական պարզությամբ մի երիտասարդ, որի համար հող հայրենին թանկ էր սեփական կյանքից, պայծառ ապագայի երազանքներից և առհասարակ այս աշխարհի ամեն նյութական բարիքից: Դպրոցում սիրված աշակերտ, բանակում օրինակելի և կարգապահ զինվոր էր մեր հերոսը:
Հայրենասիրությունը Վահեի մեջ գեներով էր գալիս: Հայրը`Ներսես Աղաբաբյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր` հայտնի Ռեմբո մարտական անունով: Անմնացորդ նվիրվել էր հայրենիքին և ինչպես վայել է իսկական հայ ազատամարտիկին չէր երազում ոչ անուն, ոչ ոսկի, ոչ գանձ: Պատերազմից վերադարձել էր առանց մեդալների, առանց կոչումների ու դափնիների: Եվ իսկապես հայրենիքն էր իր հոգում սրբազան նախանձ: Ազատ հայրենիքն էլ իր համար գլխավոր դափնին էր:
Խոնարհ հերոս հոր կողքին մեծանալով` Վահեն չէր կարող իր ավանդը չներդնել հայրենի սահմանների պաշտպանության գործում:
Մեկ տարի էլ դեռ չկար, որ զորակոչվել էր և նահատակվեց հանուն ազատ հայրենիքի` կորստի ցավի հետ մեզ թողնելով հպարտության բարձր զգացում:
Փառք քեզ հերոս:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ: