Անմահացավ նաև Վահեն՝ անցնելով ազատամարտիկ հոր ուղիով


22:37 , 13 հոկտեմբեր, 2020

Yerkir.am-ը գրում է․

Հայ ժողովրդի համար օրհասական այս օրերին յուրաքանչյուր  զինվորի կորուստ անասելի ցավ է:

Այսօր էլ անպարտների անմահ երամին միացավ Վահե Աղաբաբյանը:

Ծնունդով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղից  էր Վահեն, լեռնական պարզությամբ մի երիտասարդ, որի համար հող հայրենին թանկ էր սեփական կյանքից,  պայծառ ապագայի երազանքներից  և առհասարակ այս աշխարհի ամեն նյութական բարիքից: Դպրոցում սիրված աշակերտ, բանակում օրինակելի և կարգապահ զինվոր էր մեր հերոսը:

Հայրենասիրությունը Վահեի մեջ գեներով էր գալիս: Հայրը`Ներսես Աղաբաբյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից  էր` հայտնի Ռեմբո մարտական անունով: Անմնացորդ նվիրվել էր հայրենիքին և ինչպես վայել է իսկական հայ ազատամարտիկին չէր երազում ոչ անուն, ոչ ոսկի, ոչ գանձ: Պատերազմից վերադարձել էր առանց մեդալների, առանց կոչումների ու դափնիների: Եվ իսկապես հայրենիքն էր իր հոգում սրբազան նախանձ: Ազատ հայրենիքն էլ իր համար գլխավոր դափնին էր: 

 Խոնարհ հերոս հոր կողքին մեծանալով` Վահեն չէր կարող իր ավանդը չներդնել հայրենի սահմանների պաշտպանության գործում: 

Մեկ տարի էլ դեռ չկար, որ զորակոչվել էր և նահատակվեց հանուն ազատ հայրենիքի` կորստի ցավի հետ մեզ թողնելով հպարտության բարձր զգացում:

Փառք քեզ հերոս:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ: