Armenpress.am-ը գրում է.

Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Յոշիդա Տոմոյուկին:

«Ճապոնիան լրջորեն մտահոգված է սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղի ունեցող զինված դիմակայության կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահվան: Ճապոնիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, ցուցաբերել առավելագույն զսպվածություն վերսկսել երկխոսությունը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումը կարևորագույն նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- նշել է Տոմոյուկին:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հավելել է, որ Ճապոնիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

«Ճապոնիան լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանը և հույս հայտնում, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում տեղի կունենա»,- ասել է Յոշիդա Տոմոյուկին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն, ընդհանուր առմամբ, կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել