Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում և գործընթացը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական ոլորտ:
Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Դմիտրի Պեսկովը հավելել է, որ շարունակում են շատ ուշադիր հետևել իրավիճակին, և այժմ Արցախում տիրող իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի և շատ այլ երկրների համար:
Նշենք, որ երեկ հեռախոսազրույց էին ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ՀՀ և ՌԴ արտգործնախարարները:
Իսկ այսօր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում ցանկացած ներքին և արտաքին խաղացողներին առավելագույնս զսպվածություն դրսևորել Արցախյան կոնֆլիկտի շուրջ, այդ թվում՝ հռետորաբանության տեսակետից։ ՌԴ ԱԳՆ-ն նկատի ունի կոնֆլիկտի որևէ երրորդ կողմի, այս դեպքում հավանաբար ակնարկվում է Թուրքիան, քանի որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում միայն Թուրքիան է փորձում էլ ավելի սրել իրավիճակը և միջամտել կոնֆլիկտին։
Միջազգային հանրության այլ արձագանքներին կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի թարմացվող լրահոսում՝ այստեղ։