Անցած շաբաթ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում էի։ Տատիի գյուղն էր, վերջին անգամ փոքր տարիքում էի եղել։ Բացի էն, որ գյուղը հրաշք բնություն ունի (ընթացքներում նկարներ կտեղադրեմ), նաև հյուրասեր ու սրտաբաց մարդիկ են բնակվում այնտեղ։ Խտանան, ինչպես տեղացիներն են ասում, շատ հին պատմություն ունի ու հայրենիքին տվել է այնպիսի զավակներ, ինչպիսիք են Նժդեհի զինակից Պողոս Տեր-Դավթյանը, ռազմական գործիչ Հմայակ Տեր-Դավթյանը, ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ բաժնի պետ Արտաշես Ղազարյանը։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ ռազմադաշտ են մեկնել 190 խոտանանցիներ, որոնցից 81-ը չվերադարձան, այդ թվում տատիկիս հայրը։
Խոտանանցիները տարածաշրջանում հայտնի են որպես «գժեր»։ Կատակով ասում են, որ եկվորը, եթե խմի Խոտանանի ջուրը, հաստատ կգժվի: Ինչպես Ղևոնդ Ալիշանն է գրում իր «Սիսական»-ում, 1724 թվականին Խոտանան գյուղից վերև՝ Հցոտ կոչվող հանդամասում, իրար են բախվում Մխիթար Սպարապետի և Բարգուշատի պարսից խանի զորքերը: Խոտանանցիները փոքրով ու մեծով զորավիգ են եղել հաղթանակին և կռվել են անձնուրաց: Տղամարդկանց հետ հավասար կռվի էին դուրս եկել նաև կանայք: Նրանք օգնում էին զինվորներին, իրենց հայրերին և եղբայրներին, վիրավորներին դուրս բերում կռվի դաշտից: Տեսնելով կանանց կռվի դաշտում՝ խանը սարսափած գոչում է. «Սրանք դալի են (այսինքն՝ «շաշ, գիժ», Կապանի բարբառով ասած՝ «պըլ»), կնոջը ո՞նց կարելի է բերել պատերազմ»: Ասում են՝ դա առաջին դեպքն էր, որ կինը հայտնվում էր կռվի դաշտում: Կռիվն ավարտվում է հայերի հերոսական հաղթանակով, իսկ խոտանանցիները կնքվում են «գիժ» մականունով:
Ու այսօր, 200-ի չափ բնակչություն ունեցող այս գյուղը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած։ Բայց դրանցից առաջնայինը խմելու ջուրն է։ Նկարում հենց այն մաքսիմում ջուրն է, որը գալիս է յուրաքանչյուր խոտանանցու տան ծորակից։ Համեմատության համար նշեմ, որ հարևան բարձրադիր ու ցածրադիր գյուղերում (Առաջաձոր, Տանձավեր, Նորաշենիկ, Ավղանի) նման խնդիր չկա։ Գյուղացիների մի մասը պնդում է, որ խողովակները սարերում վնասվել են ու այդպես էլ չեն վերանորոգում, մյուս մասն էլ վստահ է, որ եթե Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը իմանա այս խնդրի մասին, ապա խնդիրը հաշված օրերի ընթացքում կլուծվի։
Հարգելի Գևորգ Ռազմիկի Փարսյան, սիրելի Կապանի համայնքապետարան/Kapan municipality, քանի որ համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում Վերին Խոտանանը ևս միացվել է Կապանին, բազմաթիվ գյուղացիների անունից խնդրում եմ լուծում տաք այս հարցին։ Այնպես չէ, որ գյուղը ջրաֆիկացված չէ։ Ուղղակի պետք է ջրի ճնշման հարցը լուծել, որպեսզի մարդիկ արժանավայել խմելու ջուր ունենան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել