Antifake.am-ը գրում է․

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Երևանի` արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնը թողնելուց 3 օր առաջ 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգևատրման մասին տեղեկությունը։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 14-ին ստորագրել էր 837-Ա կարգադրությունը, որով պարգևատրել էր գլխավոր ճարտարապետին։

Քաղաքացիները քննարկում էին, որ Երևանի քաղաքապետարանի անգործության մեղավորներից մեկն էլ եղել է պաշտոնին հրաժեշտ տված Արթուր Մեսչյանը, որը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին երևանցիներին բազմաթիվ խոստումներ տված պաշտոնյա է եղել, սակայն դրանք չկատարած` հեռանում է, այն էլ հետը շռայլ գումարներ տանելով։

Մեծ աղմուկ բարձրացրած այս պարգևավճարային պատմությունը, սակայն, 1 միլիոն 800 հազար դրամով չի ավարտվում։ Պարզվում է, որ նույն օրը՝ օգոստոսի 14-ին, Հրաչյա Սարգսյանը պարգևատրման վերաբերյալ մեկ այլ կարգադրություն ևս ստորագրել է՝ ընդհանուր 7 միլիոն դրամի չափով պարգևատրելով Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին՝ թվով 20 աշխատակիցների, այդ թվում՝ Արթուր Մեսչյանին։ Վերջինս պարգևատրվել է 550,000 դրամի չափով։ Փաստորեն մեկ օրվա ընթացքում Մեսչյանը պարգևատրվել է 2,350,000 դրամի չափով, որը համարժեք է մոտ 4.800 ԱՄՆ դոլարի։

Հիշեցնենք, որ սա Երևանի քաղաքապետարանից հեռացող պաշտոնյայի շռայլ պարգևատրման առաջին դեպքը չէ։ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանը և քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նույնպես պարգևատրվել են պաշտոնը թողնելուց առաջ, համապատասխանաբար, 1,700,000 և 2.280.000 դրամի չափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել