Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հրավիրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզաբանում ներկայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Որոշակի հարցեր պարզելու համար էր եկել։ Թե ինչ ընթացք են ստացել հարցերը, ցավոք, այս պահին չեմ կարող ասել։ Հենց ծանուցումը ստացել էր, պատգամավորը ներկայացել էր բացատրություն տալու»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրություններ կատարել պատգամավորի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ուղղությամբ, և արդեն կազմվել է համապատասխան արձանագրություն, որի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ծանուցվել է։ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք են առաջարկել հանդիպել պատգամավորի հետ։

«Գրավոր կարող էր լինել, բայց որ ավելի արդյունավետ լիներ՝ մենք խնդրեցինք, որ ինքը ներկայանա՝ տեղում միանգամից հարցից ծագող այլ հարցերին ևս պատասխանի։ Հայկ Սարգսյանը խոստացավ ներկայացնել նաև գրավոր տեղեկություն, ըստ այդմ մենք էլ կհասկանանք ներկայացրած տվյալները փաստաթղթերով հիմնավորվում են, թե ոչ»։
Հայկուհի Հարությունյանը տեղեկացրեց, որ գերատեսչություններից մասամբ են տեղեկություններ ստացել, որովհետև որոշակի տվյալներ ճշտելու համար լրացուցիչ գործողություններ են կատարվել։

«Մի քանի բան կրկնվում էր, դրա համար հիմա իր կողմից ներկայացվածն էր կհամադրվի ու կհստակ կլինի՝ որ փաստը ինչ ձևով է հիմնավորվում։ Մինչև 10 օրվա ընթացքում պատգամավորը կներկայացնի տվյալները, ըստ այդմ կտեսնենք թե ինչ հետագա գործողությունների կարիք կա, գուցե նորից հրավիրենք մեզ մոտ»,- ասաց Հարությունյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել