Pastinfo.am-ը գրում է․

«Որևէ գաղտնի փաստաթուղթ Ապրիլյան պատերազմի օրերին Մոսկվայում չի ստորագրվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ պետք չի դատել իր ասածներով, այլ փաստերով. «Դուք կարող եք վերցնել 2016 թվականի ապրիլի 12-ի ԵԱՀԿ-ի հայտարարությունը, որտեղ գրված է 1994 թվականին անժամկետ կնքված համաձայնագրի մասին: Եթե ուժի մեջ է, ապա ի՞նչ նոր փաստաթղթի մասին է խոսքը: Մինսկի համանախագահները հո չեն կարող ապատեղեկատվություն տալ միջազգային հանրությանը: Դուք կարող եք ծանոթանալ այդ ժամանակահատվածում արված ՌԴ ԱԳՆ հայտարարությանը»:

Սարգսյանը հիշեցրեց, որ հոկտեմբերին ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ արված հայտարարությունում ասվում էր հրադադարի անժամկետ համաձայնագիրն ուժի մեջ մնալու մասին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը չի մասնակցել Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նիստին, Սերժ Սարգսյանն ասաց, որ մի քանի անգամ զրուցել է Խաչատուրովի հետ։

«Ես ըմբռնմամբ եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը, տեսեք, Խաչատուրովը շատ երկար ժամանակ՝ իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է ՀՀ անվտանգությանը: Ռազմական գործողությունների հենց սկզբից շատ ակտիվ և կարևոր մասնակցություն է ունեցել մեր ռազմական գործողություններում, նա ուղնուծուծով զինվորական է, նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները։ Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ ինչ-որ մարդիկ հերյուրանքներ են տարածում, որ իբր ռազմական գործողությունների ժամանակ բիլիարդ էր խաղում»:

Սարգսյանը նշեց, որ հանձնաժողովի ժամանակ, երբ խոսակցություն է եղել, ասել է, որ մեկ անգամ ևս Խաչատուրովին հորդորում է մասնակցել նիստին, որը Խաչատուրովը չընդունեց. «Ես պաշտոնաթող նախագահ եմ, Խաչատուրովը՝ պաշտոնաթող գեներալ, և կարող է ունենալ իր կարծիքը: Կանցնի ժամանակ, կարծում եմ՝ Խաչատուրովն էլ առիթ կունենա շփվել լրագրողների հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել