Hayeli.am-ը գրում է․

Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի հետ hayeli.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի «HardTalk»-ի հաղորդավար Սթիվեն Սակուրին տված հարցազրույցի շուրջ:

-Պարոն Միհրանյան, վստահ եմ, որ դիտել եք կամ կարդացել այդ հարցազրույցը, որը Հայաստանում շարունակում է բուռն քննարկվել, մեծ աղմուկ է բարձրացել դրա շուրջ: Ի՞նչ տպավորություն եք ստացել դուք այդ հարցազրույցից:

-Նախ պետք է ասեմ, որ զարմացած եմ այն փաստից, որ մինչ օրս Հայաստանում այն հայերեն չեն թարգմանել ու հրապարակել հայերեն տարբերակով, որովհետեւ Ադրբեջանում կարծես թե ցնծության մեջ են եւ ԶԼՄ-ներում տարածում են, որ անգլիացի լրագրողը պարզապես ջախջախեց եւ՛ Փաշինյանին, եւ՛ նրա դիրքերը եւ այլն, եւ այլն: Ինչը ինձ ամենից շատ ապշեցրեց, անշուշտ, հաղորդավարի պահվածքը, նա իրեն պահում էր ոչ թե լրագրողի, այլ մեղադրող դատախազի պես եւ ցույց էր տալիս իր բացասական վերաբերմունքը վարչապետի նկատմամբ: Նա հարցերը տալիս, բայց Փաշինյանին լիարժեք պատասխանելու հնարավորություն չէր թողնում, պարբերաբար ընդհատում էր՝ պահանջելով՝ «ասեք այո կամ ոչ»: Ինձ ապշեցրեց, երբ Փաշինյանը փորձում էր գլուխ գովել, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, որ մեզ ճանաչում են եւ այլն, բայց հաղորդավարը դրան չէր ուզում ուշադրություն դարձնել, ականջի հետեւ էր գցում: Գրեթե բոլոր հարցերը մեղադրական տոնով էին, օրինակ սկսեց նրանից, թե դուք խոստումներ եք տվել, բայց հիմա պարզվում է՝ չեք կարողանում կատարել եւ ժողովուրդը դժգոհ է: Փաշինյանը սկսեց արդարանալ, որ մենք ժողովրդավարություն ունենք, Եվրոպայում այս չափանիշն ունենք, սա ունենք, նա ունենք, բայց հաղորդավարը չընդունեց այդ պատասխանները: Կամ հաղորդավարն ասում է՝ Դուք սադրանքի գնացիք, ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ, դրա համար էլ ադրբեջանական կողմը պատերազմի ճանապարհն ընտրեց: Փաշինյանն ուզում է բացատրել, որ հազարավոր տարիներ Արցախում հայեր են ապրում եւ այլն, հաղորդավարը կանխում է՝ ասելով, թե գիտեք ինչ, այս հաղորդումը այն տեղը չէ, որ հազարամյա պատմություններ քննարկենք, հասկանանք ով է ճիշտ, ով սխալ: Սա նրանից է, որ կիսագրագետ մարդիկ, ովքեր նման անպատասխանատու հայտարարություններ են անում, պիտի մտածեն, թե մի օր ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը: Կիսագրագետ ու անգրագետ մարդը շարունակում է խայտառակել մեզ ու մեր երկիրը, այս մարդը չի տիրապետում տարրական բաների:

Երբ դուք ասում եք՝ հայերն ունեն ինքնորոշման իրավունք, նրանք են իրենց ազատությունը ձեռք բերել ու պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը, դա լրիվ ուրիշ բան է, բայց երբ դու գնում ես Արցախ ու ասում, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», դա բոլորովին այլ բան է, դու այդ բոլոր պրոբլեմները վերցնում ես քո վրա: Այսքան տարիներ հայկական կողմի վարած ճկուն քաղաքականությունը հօդս ես ցնդեցնում, ասում զրոյից ես սկսում, հեղափոխություն ես անում այնտեղ, հետո՞, ինչ դարձավ այդ հեղափոխությունը:

Հաղորդավարը նկատում է, որ Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները, սակայն Փաշինյանը վկայակոչում է Freedom House ոչ կառավարական կազմակերպության՝ Հայաստանին տված գնահատականը։ Հաղորդավարը սաստում է, որ ինքը այլ կազմակերպության է հղում անում, որն արձանագրել է նման խախտումներ:

«Դուք ձախողել եք կորոնավիրուսի դեմ պայքարը», նկատում է նաեւ հաղորդավարն ու ցուցանիշներ ներկայացնում, թե դուք տարածաշրջանում ամենախղճուկ վիճակում եք, քան հարեւանները, վեց անգամ ավել վարակվածներ ու մահացածներ ունեք, քան Վրաստանն ու Ադրբեջանը: Պատահական չէ, որ կարդում է ՀՀԿ-ի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունը ձախողել է, պետք է հրաժարական տա: Տպավորություն է, որ հաղորդավարը ներկայացնում էր Հայաստանի ընդդիմությանը: Հատկանշական է, որ Փաշինյանը, ով հայտարարում էր, թե ի տարբերություն նախկինների նոր մոտեցումներ, նոր արժեհամակարգ են բերել Հայաստան, երկու ոտքով ասես թակարդում է հայտնվում:

Ինչպես կարելի է այդ մակարդակով ներկայանալ միջազգային հանրությանը: Հաղորդավարը հիշեցնում է՝ քանի որ խոստացել եք նոր հայացք բերել, կարո՞ղ եք անկեղծ գնահատել, արդյոք Հայաստանի զինվորները 90-ականներին հանցագործություններ չեն արել, որոնց համար պատրաստ եք ներողություն խնդրել: Սակայն Փաշինյանը ինչ-որ անհեթեթություներ խոսեց, անհասկանալի, անհոդաբաշխ…Այս մարդը չկարողացավ ասել, այո, մենք ունենք նոր մոտեցումներ, բայց Ղարաբաղի հարցում հայկական մեր դիրքորոշումը որեւէ պարագայում առարկման, փոփոխության ենթակա չէ: Չկարողացավ, քանի որ չունի դիրքորոշում եւ պատրաստ է գնալ ցանկացած քայլի: Միակ բանը, որ ասաց, թե ինքը միակն է, ով հայտարարեց, որ պիտի այնպիսի լուծում գտնեն, որը բավարարի թե Հայաստանին, թե Ադրբեջանին, թե Ղարաբաղին: Այս հարցազրույցից ակամայից հիշեցի պապերիս պատկերավոր խոսքը, որ այս մարդը «չփլախ ջանին կատու է շալակել»: Այ բալամ, մեղկ ես, էդ ինչ օրը քեզ գցեց էդ BBC-ի վարողը:

Չէր կարելի ներկայանալ այդքան խեղճ ու կրակ, մոլորված, անտեղյակ ու շփոթված և այն էլ այդպիսի խայտառակ անգլերենով: Նիկոլ Փաշինյանը իրեն ու մեր երկիրը ծիծաղի առարկա դարձրեց: Սա ուղղակի «պազոր էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել