Արաբական մի շարք երկրների լրատվամիջոցների մի պատկառելի հատված Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան լուսաբանելիս առանձնահատուկ կերպով շեշտադրել է հետևյալ 2՝ նաև հայկական շահերին համապատասխանող թեմատիկ ուղղությունները։
1. Հայաստան-Ադրբեջան լարվածության հիմնական պատճառը Թուրքիայի սադրիչ քաղաքականությունն է, որը, Սիրիայից, Լիբիայից, Իրաքից բացի, ձգտում է ապակայունացնել նաև Հարավային Կովկասը: Հայերի նկատմամբ Թուրքիայի ատելությունն ու թշնամանքը դարերի վաղեմություն ունեն, որն իր գագաթնակետին է հասել շուրջ 1 հարյուրամյակ առաջ Օսմանյան կայսրության կողմից նրանց դեմ իրականացված եղեռնի հետևանքով:
2. Հայկական ԶՈւ-ի կողմից Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության մեծաթիվ ԱԹՍ-ների խոցման իրողությունը պայթեցրել է իսրայելական սպառազինության որակի վերաբերյալ ցայժմ եղած քարոզչական փուչիկը:
Ինչ խոսք, արաբական լրատվամիջոցների նման դիրքորոշման հիմնական պատճառը Թուրքիա-արաբական երկրներ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված զգալի լարվածությունն է, որն առավել լայն դրսևորում է ստանում հատկապես քարոզչական տիրույթում: Իսկ հակաիսրայելական թեմատիկան արաբական լրատվադաշտի ավանդական ուղղություններից է:
Ընդհանուր առմամբ ադրբեջանական ագրեսիայի լուսաբանման հետ կապված մերձավորարևելյան լրատվադաշտերում արձանագրված միտումները փաստում են այն կարևոր իրողությունը, որ հայկական կողմից այս ուղղությամբ նպատակաուղղված աշխատելու դեպքում հնարավոր է լուրջ հաջողություններ արձանագրել:
#հայկականքարոզչություն