Ինձ համար օրվա ամենամտահոգող նյութը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխանն է հարցին, թե օրերս իրենց կողմից մշակված Ազգային անվտանգության դոկտրինի մեջ ինչու չկա գեթ մեկ «Արցախի հանրապետություն» բառակապակցություն։
Պատասխանը՝ իմ ներդրված մեկնաբանություններով․
- Հետաքրքիր է, որ նման հարց է առաջանում…
[Տարօրինակ կլիներ, եթե նման հարց չառաջանար]
… Դա ընկալումների խնդիր է…
[Չկա ընկալումների խնդիր, կա փաստ, որ «Արցախի հանրապետությունը» այն նպատակն է եղել, որին մերոնք ձգտել են՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, իսկ այսօր «Արցախի հանրապետությունը» մեր ռազմավարության մեջ չկա]
… Ինչու Արցախ, որովհետև այն ամբողջ քաղաքականությունը, որը վերջին երկու տարվա ընթացքում վարվել է…
[ամբողջ ասելով երևի պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի սեփական կետը, որով ինքը սկսում է բանակցությունները՝ նախկինում հասած կետերը անտեսելով։ Ամեն դեպքում ոչ մի հստակեցում չի տրվում]
… Ու այն տրամաբանությունը, որը դրվել է…
[էլի ոչ մի կոնկրետ բան]
… Ինչպես նաև օգոստոսի հինգին վարչապետի ելույթը Ստեփանակերտում հիմք ընդունելով՝ օգտագործել ենք հետևյալ ձևը…
[Ահա, վերջապես, օգոստոսի ելույթը 2019-ի հիշեցնեմ այն մասին էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հայտարարությանը ի դեպ հետևեց շատ կոշտ միջազգային արձագանք, որին մեր կողմից արձագանք չեղավ։
Ու եթե Արցախը Հայաստան է և վերջը ընկնում է մեր Ազգային անվտանգության դոկտրինի հիմքում, ապա տարբերակ 1՝ կա՛մ մենք, փաստորեն, հրաժարվում ենք ինքնորոշման սկզբունքից, որը ներառված է ՄԱԿ հիմնադիր փաստաթղթի ու Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ ու ինչը մեզ թույլ է տվել շուրջ 20 տարուց ավել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող տարածքային ամբողջականության սկզբունքին հակադրել ազգերի ինքնորոշումը (վերջին 10 տարիների ընթացքում էլ ավելացնելով ևս մեկ հիմնարար սկզբունք՝ ուժի չկիրառումը), ու սկսում ենք պաշտոնապես պնդել, որ Արցախը հանրապետություն չէ, այլ Հայաստանի մարզ՝ չունենալով դրա համար որևէ միջազգային նորմ, որը կլինի ավելի ազդեցիկ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։
Կամ տարբերակ 2՝ մեր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հասկանում՝ ինչ է խոսում, դոկտրինը առնվազն վերամշակել է պետք, խորհրդի ղեկավարությունն էլ փոխել։