Այսօր կառավարության նիստում քննարկվեց ինձ համար հարազատ ոլորտ` գյուղատնտեսությունը:
Եկեք իրար հետ վերլուծենք՝ ինչ ասվեց, և արդյո՞ք դա ճիշտ որոշում էր:

Եվ այսպես՝ գուղացուն առաջարկում են սուբսիդավորել բարձր որակի ցորենի սերմ գնելիս և մշակել խոպան հողերն ու ցանել այդ բարձր որակի սերմը, հետո կազմակերպել ցանքաշրջանառություն, երկրորդ տարին սերմ չառանձնացնել և ամեն տարի գնել սերմ:

Առաջին հայացքից վատ որոշում չէ, բայց ո՞վ կարող է պատասխանել մի քանի հարցերի․

1. Որքա՞ն են այդ խոպան հողերի մեջ ոռոգվող տարածքները, որ մի հատ էլ ցանքաշրջանառություն կազմակերպվի: Ցորենը, գարին և շատ հացազգիներ հնարավոր է և կարելի է ցանել անջրդի հողերում, բայց ինձ թերևս հայտնի չէ որևէ պալարավոր բույս, որ հնարավոր է մշակել առանց ոռոգման: Իսկ ինչո՞ւ պալարավոր, որովհետև լավագույն արդյունքը ստացվում է հացազգիից հետո պալարավոր մշակելուց և հակառակը:

2. Միգուցե ցորենից հետո չոռոգվող տարածքերում առվույտ (յոնջա) ցանեն, որ ցանքաշրջանառություն տեղի ունենա, բայց ցույց տվեք ինձ մի գյուղացու, որ առվույտ ցանելուց մի տարի հետո կվարի ու կրկին ցորեն կցանի, հակառակ դեպքում ցորեն ցանելn այլևս պարենային անվտանգության հարց չի լուծում:

3. Խոպան հողերի առաջին ագրոտեխնիկական աշխատանքները (խորը վար, մելորացիա, կուլտիվացիա) ո՞վ է անելու: Էլ չեմ խոսում միկրոէլեմենտների անալիզի մասին կամ բիոանալիզի:

4. Ինչո՞ւ գյուղացին չպետք է երկրորդ տարում սերմ վերցնի, եթե առաջին տարին ցանել է «սուպեր էլիտա» կամ «էլիտա» տեսակի սերմ: Ցույց տվեք ինձ մի գիտական հոդված, որտեղ կհիմնավորվի, որ երկրորդ տարում բերքատվության կտրուկ նվազում կլինի, կամ սերմ ներկրողների հետ ձեր ԽԾԲ-ական կապի բացակայության փաստաթուղթ ցույց տվեք:

5. Ո՞վ է կատարելու գիտափորձը այդ սերմերի հարմարվողականության վերաբերյալ, կամ եթե չի արվելու, արդյո՞ք պետությունը կերաշխավորի գյուղացուն առաջին տարում անհաջողության դեպքում կամ երաշտ տարում կոմպենսացիա:

6. Պնդել, որ ցորենի մշակությունը շատ եկամտաբեր է, առնվազն երեսպաշտություն է, նամանավանդ չոռոգվող հողակտորներում, հետևաբար ի՞նչ երաշխիք կամ արտոնություն է ստանում գյուղացին պարենային անվտանգությանն աջակցելու համար:

7. Եթե հողակտորները ոռոգվող են, ո՞ր ջրավազանի հաշվին են ոռոգվելու: Եթե կրկին Սևանի, ապա Սևանի էֆտրոֆացիայի հարցը ի՞նչ եք անելու:

8. Երկրորդ տարում ազոտական պարարտանյութը գնելու է գյուղացի՞ն, թե՞ կրկին կսուբսիդավորվի:

Իրականում հարցերը շատ են, ես առաձնացրի իմ կարծիքով ամենաակտուալները:
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Շնորհակալություն ուշադրության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել