Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին որոշում կայացրեց:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր: Ընկերության ընդհանուր ժողովը որոշում է կայացրել և Ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը:
Նախագծով առաջարկվում է ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հատկացվող բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը, եւ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ այս ռազմավարական ոլորտում ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, հենց ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն եւ ներկայություն ունենալու հնարավորություն ունի: Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձեւաչափը չէ»: