Քիչ խոսվեց կամ չխոսվեց Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին։ Կարծում եմ՝ հզոր ելույթ էր, իսկ տողատակերը շքեղ էին։ Փորձեմ հիմնական կետերն առանձնացնել.
1) Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ ներկայացվածությունն օբյեկտիվ անհրաժեշտություն ա։ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններով ժողովուրդը բանակցային սեղանի շուրջ իրենց ներկայացնելու մանդատ տվեց Արցախի նորընտիր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (հենց էս բառով),
2) Արցախի ԱԽ նոր կազմում կան մարդիկ, ովքեր արդեն իսկ ներկայացրել են Արցախը բանակցությունների ընթացքում և փաստաթղթեր ստորագրել (նշանակումներից առնվազն մեկի հիմնավորումը կարող եք հիմա տեսնել), այդ թվում՝ Հեյդար Ալիևի նախագահության ընթացքում,
3) Հայաստանը շարունակում ա մնալ Արցախի անվտանգության երաշխավորը,
4) Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական դրսևորումներից և խաղաղ գործընթացը դիտարկում ա՝ որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց, սակայն էդպես չի կարող շարունակվել, քանի որ բանակցային գործընթացը 《պատվերով համերգ չէ》,
5) Չարձագանքելով Փաշինյանի առաջարկած բանաձևին՝ Ալիևը չի ընդունում փոխզիջման որևէ հնարավորություն, իսկ խաղաղության հասնելու համար հարկավոր են փոխզիջման պատրաստակամություն և համապարփակ լուծումներ,
6) Մենք չենք կարող նման մոտեցումներով բանակցություններում ունենալ առաջընթաց, հատկապես՝ Ադրբեջանից հնչող սպառնալիքների ու հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջների ֆոնին,
7) Շեշտ դրվեց Սաֆարովի գործով եվրոպական դատարանի դատավճռի ու Ադրբեջանի իշխանությունների հայատյացության խնդրի վրա։ Էդ դատավճիռը պիտի կարմիր գծեր սահմանի Ադրբեջանի համար և ցույց տա, որ էդ գծերից անդին կանգնած ա ո՛չ միայն Հայաստանն, այլև միջազգային հանրությունը,
8) Ալիևի՝ պատմությանն անդրադարձներին Փաշինյանը պատասխանեց՝ նշելով պատմական օրինաչափոիթյուն. 《Իր պատմության ողջ ընթացքում՝ վերջին 100 տարում, այսինքն, Ադրբեջանը ենթարկվել է 2 փորձությունների՝ 1920 թ. ապրիլին, երբ Ադրբեջանը կորցրեց իր՝ երկու տարի առաջ ձեռքբերած պետականությունը և 1993թ. հունիսին, երբ Ադրբեջանը վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռքբերած պետականության կորստի եզրագծին, ինչի մասին մեզ այսօր հիշեցնում է 《ադրբեջանցիների ազգային փրկության օրը》, որի հերթական տարեդարձը նշվեց օրեր առաջ》։ Ադրբեջանի պետականության համար էս երկու փորձություններն էլ, ըստ Փաշինյանի, պայմանավորված էին Արցախի դեմ սանձազերծված պատերազմով (տողատակերի մասին չենք մոռանում),
9) Հայաստանի և Արցախի անվտանգության միասնական համակարգը առավել քան պատրաստ ա պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի ցանկացած անկյունում, ինչը հասկանում ա նաև Ալիևը, որն ինքն իրեն մտցրել ա փակուղի, որովհետև 15 տարի շարունակ խոստացել ա Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով, ու էդ խոստման համար ծախսել միլիարդավոր դոլարներ, ինչը հաճախ փողերի լվացման տպավորություն ա գործում։ Հիմա Ալիևը չի կարողանում բացատրել, թե ինչու՞ ա էն իրավիճակը, որը կա,
10) Ալիևը գիտակցում ա, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ո՛չ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ,
11) Անցյալի ու ներկայի ձախողումներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար Ալիևը 《բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը》 ու տալիս ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներ,
12) Վերջերս, 《Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ》, ստեղծվել ա 《Արևմտյան Ադրբեջան》 նախաձեռնությունը՝ ուղղված Հայաստանի դեմ։ Սրանով Ադրբեջանի վարած տարաաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական ա դառնում, և էս անհեթեթ նախաձեռնությունն եկավ՝ լրացնելու, էսպես կոչված, 《հարավային》, 《հյուսիսային》, 《հյուսիս֊արևմտյան》 ադրբեջանների զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանում (խորացեք՝ էլ ո՞ր երկրներին ա մեսսիջ հասցեագրված),
13) Խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության և անվտանգության մասին՝ մենք, ըստ էության, խոսում ենք ողջ տարածաշրջանում կայունության և անվտանգության մասին։ Հայաստանն, էս առումով, դառնում ա ո՛չ միայն հակամարտության գոտում, այլև ո՛ղջ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ։
Հ.Գ. Վերջերս ելույթներն ու հայտարարությունները դուրս գալիս են։ Շահումյանի թեմայով ԱԳՆ վերջին հայտարարությունն էլ էր լավը։ Ի դեպ, էդ հայտարարության մեջ նույնպես օգտագործվել էր 《Արցախի իշխանություններ》 արտահայտությունը։