Ինչպես և խոստացել էի, անդրադառնում եմ հակաչինական Ալիանսին՝ Հայաստանի միանալու հիմնավորումների բացակայությանը։
Վստահաբար չէի անդրադառնա, եթե չանձնավորվեր, և ինձ ԱԳՆ-ն չմեղադրեր «Յուրաքանչյուր միջազգային նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ կարող են լինել տարբեր գնահատականներ և որակումներ, որոնք միշտ չէ, որ տեղին են, հատկապես այն դեպքերում, երբ վերլուծություններում փորձ է կատարվում հասկանալ բոլորի, բայց ոչ Հայաստանի շահերը» նախադասությամբ:
Դե, եթե այդպես է, հիմա անդրադառնանք ԱԳՆ՝ Հայաստանի շահերը չհասկանալուն:
Եվ ուրեմն․
1․ Եթե Հայաստանում կրոնի ազատության հետ կապված խնդիրներ կան, և եթե Հայաստանում որևէ կրոնական փոքրամասնություն (ռուսներ, եզդիներ և այլն) ունեն խնդիրներ կրոնի ազատության հետ, ապա մեր անդամակցությունը Ալիանսին կլիներ տրամաբանական:
2․ Եթե հայ համայնքը՝ Իրանում, Թուրքիայում, Սիրիայում, արաբական որևէ այլ երկրում, Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում ունենար խնդիրներ՝ կապված կրոնի ազատության հետ, ապա մեր անդամակցությունը Ալիանսին կլիներ տրամաբանական:
3․ Եթե Ալիանսը` որպես թիրախ ընտրեր Ադրբեջանին կամ Թուրքիային, մեր անդամակցությունը կլիներ տրամաբանական:
Վերոնշյալ կետերում կա՞ն «Հայաստանի շահերը»: Չկան:
Հակաչինական ալիանսին միանալու մեր հիմնավորումներից մեկը հետևյալն է․ «Որպես ցեղասպանություն վերապրած ազգ` մենք մեծ կարևորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին»։ Փայլուն ձևակերպում։ Համաձայն եմ։ Սակայն այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում․ էդքան ցեղասպանությունների մասին, որ խոսում եք, քանի՞ ցեղասպանություն է (այդ թվում՝ հենց հիմա տեղի ունեցող) ճանաչել Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում: Ինչո՞ւ Ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր Հայաստանը չի ճանաչում տասնյակ ցեղասպանությունները, որ տեղի են ունեցել 20-21-րդ դարերում: Քաղաքական հա՞րց է: Իսկ որ ուրիշները մեր Ցեղասպանությունը չեն ճանաչում, ինչո՞ւ ենք նրանց քննադատում: Մենք իրենցից տարբերվո՞ւմ ենք:
Եվ վերջապես, պետք չէ պնդել, որ Ալիանսը քվեարկող կամ բանաձև ընդունող մարմին չէ: Ըստ Ալիանսի կանոնադրության՝ բոլոր բացահայտված խնդիրները «միանման մտածող» երկրների կողմից բարձրաձայնվելու և ընթացք են ստանալու ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում:
Նորից եմ կրկնում՝ սա ԱՄՆ-Չինաստան մրցապայքարի դաշտն էր, որը մեր կռիվը չէր: Բայց Հայաստանը դարձավ 193 երկրներից ընդամենը 29-րդը, որ դարձավ հակաչինական Ալիանսի անդամ:
Ինչպես ասել է պետքարտուղար Պոմպեոն Ալիանսի հանդիպման ժամանակ, «Չինաստանի Կոմկուսը բոլոր կրոնների թշնամին է»:
Առավել մանրամասն այսօր կանդրադառնամ
168.am
yerkirmedia.am
armdaily.am եթերում և կտամ շուրջ մեկ տասնյակ նախապես պայմանավորված հարցազրույցներ այս թեմայի շուրջ։