Լինում է , չի լինում մի թագավոր է լինում: Էս թագավորը մի շատ վատ սովորություն է ունենում՝ սուտ խոսել է սիրում: Պալատականներն էլ, որ չզրկվեն իրենց յուղ ու բրնձից, ինչ ասում է՝ ասում են՝ դըմփ դըմփ հու, ինչը թավշերենից թարգմանած նշանակում է՝ այո:

Էս մեր թագավորն էլ դրսումը, էլ ներսումը, խաբում է ու խաբում: Դրսի թագավորները ճաշկերույթների ժամանակ էս մեր թագավորին տանում միշտ սեղանի ծայրին են նստացնում, ներսում էլ ժողովուրդը կամաց-կամաց սկսում է հասկանալ, որ էս մեր թագավորն ինչ ասում է, սուտ է:

Օրերից մի օր կողքի երկրներից սուրհանդակներ են գալիս, թագավորին ասում, թե բա ձեր երկրի վրա մեծ զորք է հարձակվելու: Էս մեր թագավորն ընկնում է մտքերի մեջ, կանչում է նազիր-վեզիրներին, պալատի միջումն ապրող մանր-մունր իշխանիկներին, թե բա հիմա ի՞նչ անենք, թե հիմա պատերազմ եղավ էն Թովմայի դղյակը չենք կարողանալու գրավել: Նազիր-վեզիրները գլուխ գլխի են տալիս, թագավորին ասում, թե եկեք ասենք ժողովրդին, որ սուտ է, ոչ մի զորք էլ չի գալիս:

Թագավորը հայտարարում է, թե բա ոչ մի զորք էլ չի գալիս, ով ասում է, թե զորք է գալիս, ուրեմն մեր Թավիշ երկրի թշնամին է, սատանայի ծառան է:

Էս երկրի մեջ՝ ժայռերի վրա, ապրելուց են լինում մարդիկ, որ ամեն ինչ տեսնում են, էս մարդիկ նայում են, տեսնում՝ հրեն, թշնամու զորքը կանգնած է, գալիս ասում են, թե ժողովուրդ, տեսել ենք, գալիս են, եկեք պատրաստվենք, զենք-զրահ հագնենք, էտ Թովմայի ամրոցը թողեք, մի հատ էս թշնամու զորքին հաղթենք, հետո կգրավեք: Էս թագավորը սա լսում ու կատաղում է, զինվորներին կարգադրում է, թե բա էս մարդկանց հենց մի բան խոսեն, տվեք գետնովը, տարեք զնդանում պահեք:

Մի քանի օր անց էս ժայռերի մարդիկ էլի գալիս, ասում են, թե բա արդեն եկել են, զինվորներ ուղարկեք սահմաններ, մի թողեք, որ երկրի տարածք մտնեն, էս թագավորը մի կարմրում է, ճղճղոցը դնում է, թե բա հենց հիմա բոլոր զինվորներին սահմաններից էս կողմ բերեք, որ ժողովուրդը տեսնի՝ ոչ մի զորք էլ չկա: Զինվորներին բերում են սահմաններից, էս թշնամու զորքը մտնում է երկիր, թագավորն այդ ընթացքում Թովմա ամրոցը գրավելու մասին քարոզ է կարդում ժողովրդի գլխին:

Էս թշնամու զորքը մտնում է երկիր, սկսում է ավերել գյուղեր, քաղաքներ: Մի օր նազիր-վեզիրները գալիս են ու թագավորին ասում, թե զորքն եկել արդեն մայրաքաղաք է մտել, ժողովուրդն արդեն իր աչքով տեսնում է: Էս թագավորը մտածում է, ելնում հայտարարում է, թե բա ժայռերի մարդիկ են մեղավոր, սատանայի հետ պայմանավորվել , բերել են թշնամու զորքին:

Ժայռերի մարդիկ հիմա էլ ասում են, որ մի բան անել է պետք, քշել էս զորքին, մարդկանց սպանում են, քաղաքներն ու գյուղերն ամայացնում, էս թագավորը, թե դա իմ գործն է, դուք գնացեք, հանգիստ ձեր ժայռերում նստեք:

Թագավորն էս թշնամու զորքին կանչում, բերում է պալատ, պատիվ է տալիս, կերցնում-խմացնում, լողացնում, փափուկ տեղաշորի մեջ մի քանի օր քնացնում, հետո էս զորքն ավելի ուժեղացած հարձակվում է արդեն ամբողջ թագավորության վրա: Ժողովուրդը գազազած, սոված, թալանված գալիս է էս թագավորին ասում՝ ինչի՞ ես մեզ խաբել, ինչի՞ էս թշնամու զորքին թողեցիր մտնի մեր երկիր, էս մեր թագավորն էտ պահին սկսում է լացել, թե ես ի՞նչ անեմ, թշնամու զորքն իմ պալատ էլ եկավ, ինձ ու իմ ընտանիքին ծեծեց, թալանեց, գնաց:

Նազիր-վեզիրներն էլ սկսում են մեղանչել, թե բա սաղ էտ ժայռերի մարդիկ են մեղավոր, եթե ժողովրդին չասեին, որ թշնամու զորքն իրենց թալանում, սպանում է, կասեինք, որ դա է երջանկությունը, ժողովուրդը կհավատար ու թագավորից էլ չէր բողոքի: Ու մինչև թշնամու զորքը թալանում էր, սպանում ժողովրդին, թավշյա պալատում որոշեցին, որ ժայռերի մարդիկ են դավաճաններն ու հենց իրենց զնդան տանեն, թշնամու զորքը կթողնի, կգնա երկրից:

Մինչև մտածեցին, թե ոնց դա կազմակերպեն, երկնքից ընկավ 3 մեղքի խնձոր՝ մեկը թավշյա թագավորի գլխին, մյուսը՝ գլխավոր վեզիրի, երրորդն էլ՝...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել