Եվրոպական խորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի զեկուցողների և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ Եվրախորհրդարանի համագործակցության պատվիրակության ղեկավարների հակահայկական համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Արցախի միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց հաշվի առնելու դրա համար կոմպետենտ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ խախտելով միջազգային իրավունքը: Ի լրումն՝ դա կարող է ընկալվել որպես ԼՂ և հարակից շրջանների անօրինական օկուպացիայի ամրապնդման խորհրդանիշ… Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:

Իր մեջ բավականին մեծ ռիսկեր պարունակող ու Ադրբեջանին «թևեր տվող» այս հայտարարությունը մեր արտաքին գործերի նախարարության և խորհրդարանի անգործության վառ դրսևորումն է: Հերթական այս ձախողումից հետո ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի չունի խորհրդարանական դիվանագիտություն և ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականություն:

Մեր երկրում խորհրդարանի և արտգործանախարարության հիմնական ու կարևոր գործառույթն արդյունավետ չաշխատելու դիմաց պարգևավճարների ստացումն ու աշխատավարձերի բարձրացմանը հասնելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել