Կորոնավիրուսի հետ կապված հանրապետության ողջ հիվանդանոցային բազան օգտագործելու վերաբերյալ
Այն, որ պետք էր որոշ հիվանդանոցներ, այդ թվում՝ և հատկապես մարզային, վերապրոֆիլավորել և ամեն ինչ չկենտրոնացնել խոշորներում, դա՝ միանշանակ։
Բայց հիմա էլ մի այլ վտանգ կա։
Վաղուց հասկանալի է, որ իշխանությունը որոշումները կայացնում է ոչ թե ռացիոնալ վերլուծությամբ, այլ հանրային տրամադրությունների և լայքերի քանակով, ուստի կարևոր եմ համարում սրա մասին գրելը։
Վերջին օրերին լուրեր հրապարակվեցին, որ նախարարությունը վարակված հիվանդներին հիվանդանոցներով բաշխում է ըստ «սվոյ»-ների, որը լուրջ հանրային դժգոհության ալիք բարձրացրեց։ Իրականում, չքննարկելով սրա ճշմարիտ լինել/չլինելը (Արսենից հեռու չէ) և նկատելով, որ ղեկավարությունը հիմա էլ պոպուլիստական ոճով սկսել է վրա-վրա այլ հիվանդանոցների ներգրավել՝ բավարարելու համար հանրային տրամադրությունները, կարիք եմ համարում ընդգծել, որ մենք պատերազմական վիճակում և սեյսմիկ գոտում գտնվող երկիր ենք։
Սա նշանակում է, որ ցանկացած պահի կարող է միանգամից մեծ թվով մարդկանց հոսպիտալացնելու կարիք առաջանալ։
Հետևաբար, հիվանդանոցների, մահճակալների ու բժիշկների հաշվարկը պետք է անել՝ ելնելով նաև այս հնարավոր սցենարներից։
Պետության բալանսում ՄԻՇՏ պետք է ունենալ անհրաժեշտ քանակով «ստերիլ» անձնակազմ և պալատներ՝ հարկ եղած դեպքում այլ հոսքեր սպասարկելուն պատրաստ։
Հարգանքներով։
Հ.Գ. Հույս ունեմ՝ գոնե հիմա որոշ գլուխների տեղ կհասնի, թե ինչքան կարևոր են մարզային բժշկական կենտրոնները, որոնք ոչ թե պետք է օպտիմալացման տակ փակել ու կրճատել, այլ վերազինել և կահավորել հավուր պատշաճի՝ ապակենտրոնացնելով ցանցը։