Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ուրբաթ օրը հերքել է ԶԼՄ-ներում վերջին շաբաթ ակտիվորեն քննարկվող լուրերն առ այն, որ ընթացիկ ամսում պատրաստվում է հրաժարական տալ, գրում է kvira.ge-ն։

«Ես կմնամ վարչապետի պաշտոնում»,-հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ իր համար կարևոր չէ, թե ով և ինչ նպատակով է տարածել այդ լուրերը, բայց այդ հարցը նրան այնքան են տվել, որ իր մոտ արդեն «իմունիտետ» է ձևավորվել։

Գախարիան նաև նշել է, որ չի կառչում կառավարության ղեկավարի պաշտոնից։

«Ի վերջո, անձամբ ինձ համար ոչ մի նշանակություն չունի, որտեղ ես կլինեմ՝ կառավարության ղեկավարի, թե ագարակատիրոջ պաշտոնում։ Այն, ինչ պետք է անեմ, կարող եմ անել ամեն տեղ»,-հայտնել է նա՝ ընդգծելով, որ չի պատրաստվում լքել պաշտոնը։

Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր «Գլխավոր ալիք» հեռուստաընկերությունն իր աղբյուրներին հղումով լուր էր տարածել, ըստ որի Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Գախարիային կարգադրել է մինչև հունիսի վերջ լքել վարչապետի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել