Շուրջ երկու տարի ականատես ենք լինում իշխանամերձ տարատեսակ խմբավորումների կողմից իրականացվող հարձակումներին, որոնց ընթացքում թիրախավորվում են հատկապես փաստաբանական և լրագրողական համայնքի ներկայացուցիչները: Այս ամենն ունի իր բացատրությունը, քանի որ հատկապես այս ոլորտների ներկայացուցիչներն են հրապարակում իշխանությունը զավթած քաղաքական ուժի իրականացրած ապօրինություններն ու պաշտպանում նրանց ընդդիմախոսներին քաղաքական հետապնդումների տարբեր դրսևորումներից:

Օրերս հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, որտեղ այդ պահին եղել են կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի և ընտանիքի անդամների հասցեին, փորձել են տուն ներխուժել:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը խստորեն դատապարտում է կատարվածը՝ վստահ լինելով, որ այդ ստոր արարքը պայմանավորված է Տիգրան Աթանեսյանի մասնագիտական գործունեությամբ և հանրային դիրքորոշմամբ:

Իշխանությունների կողմից գեներացվող ատելության ու անպատժելիության մթնոլորտի արդեն օրինաչափության վերածված այս դրսևորումներն արդեն հատել են նույնիսկ անթույլատրելի սահմանները:

Մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին և փաստում, որ երկրում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն գործող քաղաքական իշխանությունն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել